211652_close_icon

Տիգրան Ավինյանը հեռացրել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարին

views-count1024 դիտում article-date 19:05 10-10-2025
Radar Armenia-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարը ազատվել է աշխատանքից։

Հիշեցնենք՝ Նուբարաշենի աղբավայրում նախօրեին կրկին հրդեհ էր բռնկվել։ Այդ փաստով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ աղբանոցի հրդեhը պատահական չէր, այլ դիտավորություն։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել է Նուբարաշենի աղբավայր: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետը, տեղում ծանոթանալով աշխատանքներին, բավականին խիստ հանձնարարականներ տվեց Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանին, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ղեկավար կազմին, ասելով, որ սա արդեն համբերության բաժակի վեջին կաթիլն է: 
Պետք է անցնել խիստ գործողությունների, որպեսզի վերջ դրվի աղբավայրում արդեն շարունակական բնույթ կրող արհեստական հրդեհների ստեղծմանը: 

Երեկ՝ հոկտեմբերի 9-ից, ողջ գիշեր աղբավայրում առաջացած կրակի տարածման դեմ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարներ, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի թվով աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարականով՝ 15-ից ավելի ջրատար ավտոմեքենաներ են անընդհատ ջուր հասցնում հրշեջ-ավտոմքենաներին:

Տեղում հրշեջների աշխատանքը ղեկավարում էր Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ էր փոխանցում փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արսեն Մկրտչյանին և Տիգրան Պետրոսյանին: 

Գիշերը աղբավայր են ժամանել նաև ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Ա. Մկրտչյանն ու Տ. Պետրոսյանը: 

Այսօր նաև Տ. Ավինյանի այցից հետո նրա հանձնարարականով՝ աղբավայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հերթապահություն են իրականացնելու՝ մինչև աշխատանքների ավարտը: 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր