211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել ու ընկել է կռունկավարի վրա․ վերջինը տեղում մահացել է․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4642 դիտում article-date 21:00 28-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկը ընկել է կռունկավարի վրա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նորիկ Սաղաթելյանը և պարեկ Ալիկ Գաբրիելյանը։

Տեղում պարզվել է, որ վերամբարձ կռունկը բեռ բարձրացնելիս կորցրել է հավասարակշռությունը, կողաշրջվել և ընկել խցիկի վրա, որտեղ գտնվելիս է եղել կռունկավարը, ինչի հետևանքով վերջինը տեղում մահացել է։

Փրկարարները, պարեկները ու քաղաքացիները մեծ դժվարությամբ կարողացել են մահացածին դուրս բերել և մոտեցնել դիատարին։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր