211652_close_icon

Հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակ Երևանի 1-03 շտապօգնության մոտ․ կեղտաջուրը շտապօգնության բժիշկների ու վարորդների համար դարձել է պատուհաս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2747 դիտում article-date 20:40 26-09-2025
Այն, որ Երևանում «Վեոլիա Ջուր»-ի սխալ և ոչ օպերատիվ աշխատանքների արդյունքում վարչական շրջաններում չկա որևէ փողոց, որ բնակիչները չունենան խնդիրներ, կապված կոյուղատարերի խցանման և այդ տարածքներում տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակի հետ՝ գաղտնի չէ։

Երևանի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանի Ձորափ փողոցում տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «7 օրից ավելի է՝ էս ահավոր վիճակն է։ Դիտահորից կեղտը դուրս է գալիս ու հոսում՝ անցնելով Երևանի 1-03 շտապօգնության գլխավոր մուտքի դիմացով ու այդպես հոսում։

Ամեն անգամ ահազանգել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Կենտրոն թաղապետարան, «Վեոլիա Ջուր», սակայն ոչ մի արդյունք։ Ամեն անգամ ասում են՝ խնդրին տեղյակ ենք, կմոտենանք։ Այսօր 2 ժամ առաջ ենք նորից զանգել «Վեոլիա Ջուր», խոստացել են, որ գան, բայց հըլը չեն գալիս։ Ոնց որ էդ հիմնարկը մեր ազգաբնակչության համար դառած լինի «Նոյի ագռավ»․ դրանց երբ ահազանգում ես, պիտի հետևից ղուշ ուղարկես, բայց դե երևի ղուշն էլ դրանց չօգնի։

Միայն փողերը ասեն՝ մուծեք, բայց ոչ մի օգուտ, ոչ մի դրական պատասխան։ Պատկերացնո՞ւմ եք՝ Երևանի շտապօգնության գլխավոր կայանի դիմաց ու դրան հարակից տարածքում նման գարշահոտ վիճակ, ու շտապօգնության մեքենաները կանչի վայր են մեկնում էդ կեղտի միջով։ Էդ հոտը կպնում ա շտապօգնության վրա, ու էդ հոտի պայմաններում հիվանդ են տեղափոխում։ Վայ էդ հիվանդի վիճակին, որ էդ հոտը զգաց․ թթվածնի բալոնը չի օգնի անգամ։

Ամոթը լավ բան է․ 1 կմ էլ չկա մինչև քաղաքապետարան։ Տիգրան Ավինյանը պետք է բռունցքով հարվածի սեղանին ու կարճ ժամանակում խնդիրը լուծել տա։ Էլ չենք ասում, որ առավոտները երեխաները էդ ճանապարհով են գնում դասի»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր