211652_close_icon

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3259 դիտում article-date 15:19 26-09-2025
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 23-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցների մասին։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել էր, որ կրակոցների հետևանքով կա 2 զոհ, որոնցից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը՝ ՀՀ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Կրակոցների հետևանքով մեկ անձ էլ վիրավորվել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, վիրահատել։ Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ վիրավորված անձի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ սպանված ոստիկանության աշխատակիցը դեպքի պահին ծառայության մեջ չէր եղել։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել էր Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակումը՝ շեշտելով, որ ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ 

«Նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ 

Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»,- ասել էր ՀՀ վարչապետը։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր