211652_close_icon

Մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, և պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել, բայց դա ամբողջ աշխարհում է. Սրբուհի Գալյան

views-count1501 դիտում article-date 13:24 25-09-2025
Դուք էլ տեսել եք, որ ՆԳ նախարարությունը դեպքից անմիջապես հետո սկսել է իր ակտիվ աշխատանքը, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտելուն:

Հարցին՝ ինչքա՞ն սպասել, ի վերջո համայնքապետ է գնդակահարվել սեփական տան դիմաց, Գալյանն ասաց. «Մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը, այլ բան քան դա ասել չեմ կարող և իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող»:

Ինչ վերաբերում է  հարցին՝ եթե պետությունը, իրավապահ համակարգն իր տեղում լիներ, հնարավո՞ր էր արդյոք կանխել, այս ողբերգությունը, Գալյանն ասաց՝ գուցե հնարավոր էր, գուցե և հնարավոր չէր։

«Մենք իդեալական աշխարհում չենք ապրում, ցավոք։ Մեր երկրում, այո, տեղի են ունենում հանցավոր արարքներ, և պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել, դա ամբողջ աշխարհում է, այնպես չէ, որ միայն մեր երկրում է: Մենք դեռ չգիտենք հանցագործություն կատարած անձինք ովքեր են, չգիտենք՝ պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք, մենք չգիտենք՝ հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Այսինքն, մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ՝ այ այս, այս, այս պատճառներով է դա տեղի ունեցել, իսկ այ այս այս այս մարդիկ գուցեև իրենց աշխատանքում թերացել են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց անվտանգ զգալու խնդրին, ապա Գալյանն ասաց. «Ոչ թե պետք է նայել մեկ-երկու դեպքը, որոնք իրականում զարհուրելի են, ես չեմ մինիմիզացնում այդ դեպքերի ծանրությունը, այլ մենք պետք է նայենք մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրությանը: Այստեղ մենք իրականում բավականին բարվոք դրության մեջ ենք գտնվում, եթե համեմատենք և տարածաշրջանի երկրների հետ, և այլ արտասահմանյան երկրների հետ»:

Նմանատիպ նյութեր