211652_close_icon

Բաշինջաղյան 178 շենքի կոյուղատարերի խնդիրը լուծում ստացավ ՀԾԿՀ-ի հետևողական աշխատանքի արդյունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count775 դիտում article-date 18:41 24-09-2025
Երևանի Բաշինջաղյան փողոցի 178 շենքի բնակիչները վերջապես կարող են ապրել առանց կոյուղատարի խափանումների և կեղտաջրերի։ Տարիներ շարունակ չլուծվող խնդիրը վերջնականապես լուծում ստացավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հետևողական աշխատանքի արդյունքում։

Ուղիղ 20 օր տևած ակտիվ շինարարական աշխատանքների արդյունքում շենքի ամբողջ կոյուղատար համակարգը փոխարինվեց նորով։ Փոխվեցին տարիներ շարունակ մաշված, արտահոսքերով և անդադար խնդիրներ ստեղծող խողովակները, իսկ սեպտեմբերի 23-ին իրականացվեցին նաև վերջին՝ ասֆալտապատման աշխատանքները։

Խնդիրը երկար տարիներ մնում էր չլուծված, չնայած բնակիչների բազմիցս ահազանգերին՝ տարբեր կառույցներ ու գերատեսչություններ։ Սակայն արդյունքի չհասնելով՝ բնակիչները որոշեցին նամակով դիմել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Նամակին արագ և գործուն արձագանքը եղավ այն կարևոր քայլը, որի շնորհիվ խնդրին վերջնական և հիմնավոր լուծում տրվեց։

Նշենք, որ խնդրին արդեն անդրադարձել էր նաև SHAMSHYAN.com լրատվականը՝ իր հրապարակումներով մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրելով տարիներ շարունակ բնակիչների առօրյան խաթարած այս խնդրի վրա։

Այսօր արդեն շենքի բակն ունի նորոգված կոյուղատար համակարգ և վերանորոգված ճանապարհահատված։ Բնակիչներն ասում են՝ սա ոչ միայն կբարելավի սանիտարահիգիենիկ պայմանները, այլև կբարձրացնի տարածքի ընդհանուր տեսքը և բնակչության կյանքի որակը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բնակիչների խնդիրները կարող են և պետք է լուծում ստանան, երբ պետական կառույցները ցուցաբերում են հետևողականություն, կապ են պահպանում քաղաքացիների հետ և աշխատում գործնական արդյունքների վրա։

Շենքի բնակիչներն իրենց երախտագիտությունն են հայտնում ՀԾԿՀ-ին, շինարարներին՝ որակյալ և արագ աշխատանքի համար և «Վեոլիա ջուր» ընկերությանը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի տարի էր Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 178 շենքի բնակիչները ապրում էին հույսով, որ վերջապես իրենց շենքի դիտահորերի հարցը կլուծվի և խցանումների պատճառով այլևս կեղտաջրերը չեն հոսի և լցվի շենքի բակ։ Բնակիչները բազմիցս դեմել էին պատկան մարմիններին, որ խնդիրը վերջապես լուծվի, սակայն այդպես էլ չտեսնելով ոչ մի գործուն քայլ շարունակում էին յուրաքանչյուր խցանման դեպքում զանգահարել «Վեոլիա ջուր», ովքեր էլ ըստ բնակիչների պարտաճանաչ բացում էին խցանումները, սակայն կարճ ժամանակ անց նորից նույն իրավիճակն էր տիրում։

Միայն վերջին դիմումը, որը ուղղված էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որոշիչ դեր խաղաց և սկսվեցին կոյուղատար նոր խողովակաշարի անցկացման և նոր դիտահորերի տեղադրման աշխատանքներ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․

«Մեր շենքի բնակիչների համար երկար տարիներ անլուծելի էր մնացել կոյուղաջրերի խնդիրը, իսկ վերջին երկու տարիներին, հատկապես գարնան ամիսներին, 2-3 օրը մեկ խցանումներ էր լինում ու ամբողջ թաղամասով մեկ տիրում էր գարշահոտություն։ Խնդրին լուծում տալու համար որոշեցինք դիմել նաև ոլորտը կարգավորող մարմնի ղեկավարին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։ Եվ ի զարմանս, և ի ուրախություն բոլորիս՝ նամակի պատասխանը չուշացավ․  Մեսրոպ Մեսրոպյանը շատ արագ արձագանքեց նամակին և այսօր արդեն «Վեոլիա ջուր» ընկերության պատվերով  տեխնիկան սկսեց աշխատել։ Ըստ պատասխանատուների՝ կատարվելու է հսկայական աշխատանք՝ փոխվելու է ամբողջ կոյուղագիծը, և աշխատանքները տևելու են ավելի քան 2 ամիս»։

Բնակիչները իրենց շնորհակալությունը հայտնեցին Մ․ Մեսրոպյանին՝ անլուծելի թվացող հարցը արագ լուծելու համար և նշում էին, որ  երանի բոլոր պաշտոնյաները նրա նման տեղում լինեին ու նման արագությամբ արձագանքեին խնդիրներին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր