211652_close_icon

Սալոնիկի Արիստոտելի համալսարանի դեղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Աթինա Գերոնիկակիին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

views-count1969 դիտում article-date 17:33 24-09-2025
ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ՝ Սալոնիկի (Հունաստան) Արիստոտելի համալսարանի դեղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր Աթինա Գերոնիկակիին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում: Պրոֆեսոր Գերոնիկակին մեծ ներդրում ունի ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գործունեության զարգացման գործում։

Պրոֆեսոր Գերոնիկակիի գիտական հետաքրքրությունների ոլորտն է նոր կենսաբանորեն (հակաբակտերիալ, հակասնկային, հակաքաղցկեղային, հակավիրուսային, հակաբորբոքային) ակտիվ հետերոցիկլիկ միացությունների նախագծումը, սինթեզը և կենսաբանական հատկությունների ուսումնասիրումը:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հետ պրոֆեսոր Գերոնիկակիի համագործակցությունն սկսվել է 2011թ-ից։ Պրոֆեսոր Գերոնիկակիի գիտական խումբն իրականացրել է Կենտրոնի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի № 6 լաբորատորիայում սինթեզված միացությունների մի շարք կենսաբանական հետազոտություններ, պրոֆեսորը մեծ մասնակցություն է ունեցել հոդվածների ձևակերպման, խմբագրման գործում՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։

Առաջին համատեղ աշխատանքը տպագրվել է 2013թ. «Tetrahedron» ամսագրում, իսկ ներկայում առկա են չորս տասնյակ համատեղ տպագրված աշխատանքներ բարձր ազդեցության գործակից ունեցող արտասահմանյան ամսագրերում: Պրոֆեսոր Գերոնիկակին բազմիցս այցելել է Հայաստան համատեղ գիտահետազոտական աշխատանքների քննարկման նպատակով, որոնց շրջանակներում ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ հետագա գիտական համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:

Աթինա Գերոնիկակին ծնվել է 1949թ․ օգոստոսի 9-ին։ 1971թ․ ավարտել է Տաշքենդի պետական
համալսարանը (Ուզբեկստան): 2006-2016թթ. ղեկավարել է Սալոնիկիի Արիստոտելի համալսարանի դեղագործական քիմիայի լաբորատորիան։ 2010թ-ից նույն համալսարանի դեղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր է, իսկ 2009-2011թթ.՝ դեղագիտության ֆակուլտետի փոխնախագահ։ 2013թ. ընտրվել է Միջերկրածովյան գիտությունների և արվեստների ակադեմիայի լիիրավ անդամ, իսկ 2015թ.՝ Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ։ Ունի Էրազմուսի 23 համաձայնագիր, Պաուլ Էրլիխի դեղագործական քիմիայի դոկտորական ցանցի համալսարանական համակարգողն է։

Պրոֆեսոր Գերոնիկակին հեղինակել է ավելի քան 220 գիտական հոդված գրախոսվող ամսագրերում, 10 դասագիրք ուսանողների համար: Կազմակերպել է բազմաթիվ միջազգային գիտաժողովներ, որոնց թվում կարելի է առանձնացնել «Computational Methods in Toxicology and Pharmacology» (2003, 2015, 2019), «3rd Eurasian Meeting in Heterocyclic Chemistry» (2006), «17th Hellenic symposium in Medicinal Chemistry» (2017), «MedChem» (2023) և այլն: Իր գիտական
գործունեության համար արժանացել է մի շարք միջազգային մրցանակների և դիպլոմների։

Նմանատիպ նյութեր