211652_close_icon

Պետականության այբուբենը․ Հայկ Դեմոյան

views-count1489 դիտում article-date 20:39 21-09-2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․

Պետականության այբուբենը

Այսօր շատ լսեցինք ու կարդացինք մեր պետականությանն ու անկախությանը գեղեցիկ ու գրագետ հայերենով ձոնված կենացներ ու բարեմաղթանքներ՝ լի հույսերով ու երազանքներով: Ես այսօր դառը խոսքեր ու ցավ պատճառող ձևակերպումներ եմ տալու, ճիշտ և ճիշտ այն դառը դեղահաբի նման, որի ընդունումը կարող է առողջացնել ու կազդուրել պետականության ախտահարված ու անդամալույծ դարձած մարմինը։

1991 թվականին մենք ճամփա ընկանք, լիահույս ու վստահ, որ մեր մոտ կստացվի մանուկ պետության կայացման ու զարգացման գործը և տրամադրված էինք ոչինչ չխնայել ու պատրաստ լինել բոլոր տեսակի զոհողությունների՝ հանուն այդ մանուկի, որի հասունացումն ու զորացումը դարձավ համազգային նպատակ:

Այդ մանուկի հասունացման ու կայացման համար հազարավորները տվեցին իրենց կյանքն ու առոջությունը, մի ամբողջ սերունդ զոհաբերեց իր երիտասարդ անհոգ տարիներն ու բարեկեցիկ կյանքը՝ անցնելով զրկանքների ու անասելի դժվարությունների հնոցով:

Ավաղ, շուտով կպարզվի, որ այդ զոհողություններն իզուր էին, քանզի մենք լիարժեքորեն չգիտակցեցինք մեզ տված պատմական հնարավորության արժեքն ու նշանակությունը: Շարունակեցինք մնալ սովետական, այդ նույն սովետականից վերցնելով ամենավատն ու ստորագույնը, իսկ այն, ինչ կարելի էր լավ ու դրական համարել՝ շատ արագ մսխեցինք:

Մենք ստեղծեցինք բանակ, որին շատ գովեստներ ուղղեցինք, այն պարուրեցինք կենացների խումարով, մեր երեխաներին վստահեցինք այդ բանակին, որ հայրենիքին ծառայեն, բայց այդպես էլ չհասկացանք, որ այդպիսի բանակ ունենալով, հզոր ու մրցունակ պետություն չեն դառնում: Բանակը չդարձավ հայկական, քանզի գերադասեց մնալ օտարի կրնկի տակ ու սպասարկել օտարի շահը: Հենց այդ շահի համար բանակը դավաճանեց իր սպային ու զինվորիին, այդ նույն բանակը լուռ հետևեց նոր ցեղասպանության արարին: Մենք 34 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք ստեղծել անվտանգային սեփական, հայկական, օտարին չսպասարկող մարմինը, վերածելով այն օտարածին մի խոցի՝ պետականության առողջ մարմնի մեջ, որը երբե´ք թույլ չի տա, որ ազատ ու բնության օրենքներով զարգանա ու հասունանա մեր պետականությունը:

Մենք ստեղծեցին մարդակեր մի համակարգ, որտեղ մարդկանց սպանելով ու ոչնչացնելով հարցեր լուծվեն՝ սովետից մնացած գուլագային հոգեբանությամբ ու մտածելակերպով: Այդպես էլ չթոթափեինք մարդակեր ու գլխակեր մտածողությունը, չգիտակցելով, թե ինչ է նշանակում ցեղասպանություն վերապրած ազգ լինելը:

Մենք չկարողացանք հաղթահարել կոռումպացված մտածողությունը, որն ամենևին էլ գերատեսչական ու հաստատութենական չի, քանզի չթոթափեցինք այն մեր ուղեղներից ու կենսաձևից որպես հասարակություն և որպես անհատ:

Մենք ազնիվ չգտնվեցինք այդ մանուկի ճակատագրի հանդեպ: Մեջտեղ եկան հղփացած, գոռոզ ու ինքնահավան, օտարի շահերը սպասարկելու համար միշտ ու մշտարթուն պատրաստ ու պատրաստակամ օրենսդիրներ, գործադիրներ, դատավորներ ու պաշտոնյաներ, այր ու կին, ահել ու ջահել, ում համար պետակամությունն ու օրենքը միմիայն սեփական շահերը սպասարկելու և հարստանալու համար են: Հայ չարքաշ գյուղացու ու քաղաքաբնակի վրա ծանրացավ դինաստիական ամուսնություններով փոխկապակցված զեխ ու հանցավոր կենսակերպով, արժեքներից ու ազգայինից շատ հեռու մեծահարուստ մի փոքր խավի սպասարկումը: Սա մի խավ է, որի համար միևնույն է կա՞ հայկական պետականություն, թե՞ չկա, միևնույն է նաև, թե, ովքեր կկառավարեն իրենց և որ երկրում են ապրում:

Միայն ու միայն մենք հաջողացրեցինք հաղթանակի ու դրա վրա խարսխված պետականության կերտումը աստիճանաբար վերածել հիասթափության ու պարտության խորհրդանշանի: Մենք դուրս եկանք մեզանից շատ անգամ ուժեղ Ադրբեջանի դեմ, քանզի վստահ էին մեր արդարամտության ու մտավոր ունակությունների գերակայության վրա, բայց չնկատեցինք, որ շատ արագ ինքներս վերածվեցինք Ադրբեջանի, որտեղ մարդ-անհատի կյանքն ու իրավունքը, բարեկեցությունն ու ապահովությունն արժեք չունի:

Երևանը չդարձավ այդ մանուկի հարազատ մայրը, փոխարենը Երևանի դիմաց ու նրան հակընդեմ այլ կենտրոն փորձեցինք ստեղծել, փուչ ու ուռճացված ինքնություն սրսկել նրան, որի արդյունքում կորցրեցինք երկրորդ պետականություն կոչվածը, որի խաբկանքն ու տեսիլքը դեռ երկար ցավ կպատճառի մեզ: Արտոնյալ դարձրեցին այստեղացի ու այնտեղացի լինելը, որ ավելի բաղդատվենք ու հատվածային դառնանք՝ ավելի հեշտացնելով այս հազարամյակի սկզբին նոր ցեղասպանության իրագործումը, որի համար մեկ մեղավորն ու հանցավորը մենք ենք՝ վերից վար:

Սփյուռքահայը չցանկացավ կամ չկամեցավ իրենը համարել հայկական պետականությունը, նրան մոտեցավ հեռավորություն պահպանելու ապահովագրած քայլերով, գերադասեց մեղադրել բազում զրկանքների ու փորձությունների միջով անցած «հայաստանցուն» հակված լինելով տեսնել նրանում ոչ թե իր աջակցության կարիքը ունեցող հայրենակցի, ում շնորհիվ այսօր պահվում է Հայրենիքի մի կտորը, այլ քարոզի ու բարոյախոսության մի միջակ թիրախ:

Ու մոլագարի պես շարունակեցինք ու տակավին շարունակում ենք երկիրը խաչապատել ու խաչքարապատել, որպես շարունակական մեղքերի թողության առհավատչյա՝ այդ մեղքերը գիտակցելու ու ընկալելու փոխարեն… Իսկ կողքից հաստատ հետևում էին օրստօրե փոքրացող ու իր շահն ու արժեքը չգիտակցող, ածու խմբի վերածվող ազգին:

Այս բոլոր մեղքերի «թագուպսակը» դարձավ գերված ու որբացած մանուկի փոխարեն 2018 ծնված «թավշյա ճիվաղը», որը եկավ մեր լավագույն զավակների կյանքը խլելու համար, մեր մանուկին ապօրինի ծնունդ համարելու և նրա մոտալուտ մահվան գույժերով: Ու տակավին շարունակում ենք վախենալ՝ խաղալով այդ սատանայական խաղի կանոններով:

Մեզ յոթ տարի կառավարում է մի դրածո իշխանություն, որի գործակալական տեքստերը տակավին ախորժաբեր են ՀՀ հազարավոր քաղաքացիների համար: Միակ բարեբախտությունն այն է, որ շատ շատերը դարձի են եկել ու բացահայտել են դարի մեծագույն խաբեբայության իրական ինքնությունն ու չար առաքելությունը:

ՀԳ: Լուսանկարում երկու արևելահայեր՝ Հովհաննես Թումանյանն ու Ստեփան Լիսիցյանն են, երկու արևմտահայերի՝ Լևոն Շանթի ու նկարիչ Վրթանես Ախիկյանի հետ: Չորսով համագործակցաբար 1900-ականներին աշխատեցին դպրոցական այբուբեն պատրաստելու համար ու իրենց մոտ դա ստացվեց: Այդ դասագիրքը կիրառելի դարձավ և´ արևմտահայ, և´ արևելահայ դպրոցներում:

Մահամերձ հիվանդ մեր պետականության չսերտած դասերը հայաստանցին ու սփյուռքահայը նոր այբուբենով պետք է սերտեն, որտեղ տեղ չունենք սովետական սահմանափակ ու կաղապարված ուղեղներն ու հատվածային, թայֆայական շահերով առաջնորդվողները:

Շանս կա փրկվելու, բայց այդ հնարավորությունը չի տալիս ոչ ժամանակը, ոչ էլ օտարը, թեկուզև մեր հանդեպ բարեկամաբար տրամադրվածը: Մինչ այդ պետք է հնարավորին շուտ մաքրվել այն ամոթալի խարանից, որը թողել ենք մանուկի ճակատին 2018 թվականից…

Նմանատիպ նյութեր