211652_close_icon

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 31-ամյա ՊՆ ծառայողը «Infiniti»-ով բախվել է հաստաբուն ծառին․ 5 վիրավորներից 3-ը անչափահասներ են․ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2800 դիտում article-date 12:38 20-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 141 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Ղ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ուղևորը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Սյուզաննա Թ․-ն և 3 անչափահասներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի և վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մխիթար Օրդանյանը և Արթուր Մարգարյանը։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Ոսկանյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են անչափահաս վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Անդրանիկ Ղ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր