211652_close_icon

«Երևան» ՋՕ ընկերությունը պատասխանել է Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն բնակավայրի 500-ից ավելի քաղաքացիներին 3-4 ամիս ջուր չտալու խնդրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2185 դիտում article-date 18:34 23-08-2025
Երեկ՝ օգոստոսի 22-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն բնակավայրից, որտեղ 500-ից ավելի բնակիչներ արդարացիորեն բարձայնում էին խնդիրն ու սպառնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին, ասելով, որ մեր Ջրաշենը դարձնում են չորաշեն: 
 
Բնակիչները բողոքում էին ոռոգման ջրից, որը 3-4 ամիս է՝ ընդհանրապես չեն ստացել, մինչդեռ որպես օրինապահ քաղաքացիներ ու սպառողներ՝ կատարել են վճարումները, անգամ՝ կանխավճարով: 

Բնակիչները զգուշացրել էին, որ եթե խնդիրը չլուծվի, կարճ ժամանակում, ապա իրենք դիմելու են կտրուկ միջոցների: 

Հրապարակումից ժամեր անց շամշյանքոմ-ը պարզաբանում է ստացել «Երևան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Հարությունյանից, որը ներկայացնում ենք ստորև.  

Ձեր կողմից տեղադրված 22.08.2025 թվ-ին Ջրաշեն համայնքում ոռոգման ջրի բացակայության նյութի հետ կապված տեղեկացնում եմ, որ դեպի Ջրաշեն մատակարարվող ոռոգման ջրի խողովակները գողացվել են այս տարվա գարնանը՝ 550 մ երկարությամբ, որի վերաբերյալ «Երևան» ՋՕ Ընկերության կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին և որի արդյունքում հարուցվել է քրեական գործ։

Նշեմ նաև, որ ես «Երևան» ՋO Ընկերության ժ/պ պաշտոնը ստանձնել եմ այս տարվա հուլիսի 24-ից և անմիջապես ձեռնամուխ եմ եղել հարցի շուտափույթ կարգավորմանը։ Նշեմ նաև, որ որևէ բնակիչ այս թեմայով իրավիճակի հետ կապված չի զրուցել ինձ հետ և ինձանից չի տեղեկացվել խնդրի լուծման ճանապարհների և գործընթացի մասին։ Մեկ ամսվա ընթացքում փորձել ենք տարբեր ճանապարհներով 3-4 անգամ ոռոգման ջուր հասցնել նշված գյուղ, սակայն ողջ գյուղը չի ստացվել մատակարարել ոռոգման ջրով,որը կփաստեն նաև բնակիչները։

Ձեր կողմից նշված խնդիրը գտնվում է Երևան ՋՕ Ընկերության հրատապ լուծման օրակարգում։

Ելնելով ստեղծված իրավիճակից հայցում ենք բնակիչների ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար և շատ կարճ ժամանակահատվածում կաշխատենք խնդրին տալ լուծում։ ամբողջական

Հարգանքներով՝

«ԵՐԵՎԱՆ» ՋՕԸ գործադիր տնօրենի ժ/պ՝ Ս. Հարությունյան


Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 22-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն բնակավայրում էին հավաքվել տեղի բնակիչները և ուզում էին վերջապես հստակ պատասխան ստանալ, թե արդյո՞ք իրենք Երևանի բնակիչներ են, թե քարե դարի:
 
Ֆոտոլրագրրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
 
«Այս տարի ոռոգման ջուր ընդհանրապես չենք ստացել: 

Խմելու ջուրն էլ մի օր տալիս են, մի քանի օր չեն տալիս, որ օրն էլ որ տալիս են՝ 2-3 ժամ, էն էլ 1 ժամ մենակ ծորակներից օդ է դուրս գալիս: 
 
Ժողովրդի ամբողջ բերքը չորացել է, անգամ խոտ չկա: 
 
Վարկերով ապրում ենք, կոմունալ բոլոր ծառայություները մեզնից դժգոհելու տեղ չունեն, էստեղից էնտեղից պարտք ենք արել ու վճարումները կատարել ենք, նույնիսկ կան տներ, որ ոռոգման ջրի համար կանխավճար են վճարել, իսկ փոխարենը ոչ մի գրամ ջուր այս տարի չենք ստացել: 
 
Հետաքրքիր է, որ այդ հարցով դիմոմ ենք պատկան մարմիններին, ամեն մեկն անհասկանալի պատասխան է տալիս: 
 
Ով է տեսել՝ 21-րդ դարում վճարումը կատարես, բայց որակյալ սպասարկում չունենաս, որակյալը որն ա՝ 0 սպասարկում: 
 
Երևանի քաղաքապետարան ենք դիմել, ոչ մի դրական պատասխան, «Վեոլիա ջուր» ենք դիմել, անհեթեթ պատասխան, ջրօգտագործման ընկերություն ենք դիմել, դրանց ղեկավարն էլ դասարանի ծույլիկ աշակերտի պատասխան է տալիս:
 
Մի պաշտոնյայի էլ դիմեցինք, ասում է՝ ինչ անեմ, հո չե՞մ գալու ձեր ծառերի վրա լացեմ: Լրիվ պաշտոնյանյին ոչ վայել պատասխան: 
 
Հեսա առաջիկայում ընտրություններ են լինելու, ի՞նչ երեսով եք գալու ու մեզ խնդրելու, որ ձեզ ձայն տանք, պատկերացնո՞ւմ եք մեր պատասխանը ձեզ: 

Հիմա եթե մեզ արհարարհում եք, մենք էլ ձեզ կարհամարհենք: 

Այնպես որ, հարգելի՛ քաղաքապետ Տիգրան Ավինյան, էրեբունու հարգելի՛ թաղապետ Հակոբ Բալայան, հարգելի՛ «Վեոլիա ջուր» ու ջրօգտագործողների ընկերություն, դեռ մտածելու տեղ ունեք, եթե մի քիչ իմանաք հողի մշակի արժեքը, ապա էդ ջրի հարցը ժամերի ընթացքում կլուծեք, թե չէ ստիպված դիմելու ենք տարբեր միջոցների, այդ թվում՝ բողոքի ակցիաների և փոխհատուցման համար դիմելու ենք դատարան, էնպես որ էս հեկտարներով այգիները, որ չորանում են, դրա մեղավորը դուք եք, ձեր կաբինետներում նստած մեր հաշվին ձեր թափանները մի՛ լցրեք, իրական գործով զբաղվեք, իսկ իրական գործը այն է, որ լուծեք շարքային քաղաքացու ոռոգման ու խմելու ջրի խնդիրը»: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր