211652_close_icon

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan»-ն ու «GAZ 24»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր. մահացածն ու վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count17260 դիտում article-date 15:46 06-08-2025
Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 
 
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել շտապօգնությանը: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ: 

Տարածքը պարեկները սահմանազատել են: 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է:  

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են: 
 
Ժամանել են նաև ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր