211652_close_icon

Ավտովթար Կոտայքի մարզում․ Եղվարդ–Աբովյան ավտոճանապարհի Նոր Գեղիի սկզբնամասում «Nissan X-Trail»-ը բախվել է հողաթմբերին և շրջվել․կա վիրավոր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3085 դիտում article-date 21:26 06-08-2025
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19:50-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի Նոր Գեղիի ճանապարհի սկզբնամասում, Աբովյան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մեկ պտույտ կատարել և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բժիշկները, վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու հերթապահ Արտակ Ասատրյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Արամյանը և Նվեր Գրիգորյանը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր