211652_close_icon

Տեղի համայնքապետը շարունակում է պայմանագրեր կնքել եղբոր և քեռու ընկերությունների հետ. «Հետք»

views-count688 դիտում article-date 19:30 30-07-2025
2025 թվականի հունիսի 25-ին Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանը պայմանագիր է կնքել Սասուն Ղուլունց ԱՁ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 38.7 մլն դրամ է, գրում է «Հետքը»։ 

Համաձայն պայմանագրի՝ Սասուն Ղուլունց ԱՁ-ն պետք է իրականացնի Տեղ համայնքի կազմում ընդգրկված Արավուս բնակավայրի խաղահրապարակի և ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքները։

Սասուն Ղուլունցը Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբայրն է։

Այս տարի մեկ այլ պայմանագիր էլ Դավիթ Ղուլունցը կնքել է քեռու հետ։ Համայնքապետարանը 3 մլն 750 հազար դրամ է վճարել «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ին 6300 կգ սեղմված բնական գազ մատակարարելու համար։

«Զանգեզուր գազ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության հիմնադիրները Տիգրան Խաչատրյանն ու Մարտունիկ Պողոսյանն են։ Տիգրան Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է, Մարտունիկ Պողոսյանը՝ Դավիթ Ղուլունցի քեռին։ 2019 թվականին Տիգրան Խաչատրյանը դուրս է եկել ընկերությունից։ Ներկայում ընկերության 50%-ը պատկանում է Մարտունիկ Պողոսյանին, մյուս 50%-ը նրա կնոջը՝ Նազիկ Սեդրակյանին։

Մարտունիկ Պողոսյանի եղբայրը՝ Մելիքսեթ Պողոսյանը, 2022 թվականից զբաղեցնում է Պաշտպանության նախարարի Սյունիքի և Վայոց ձորի հարցերով խորհրդականի պաշտոնը։ Իսկ 2020-2022 թվականներին Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել։

Դավիթ Ղուլունցը նախկինում ևս պայմանագրեր է կնքել իր հետ փոխկապակցված ընկերությունների հետ։ 

Նմանատիպ նյութեր