211652_close_icon

Մակրոնի նման դիրքորոշումը, մի կողմից, խորացնում է մեր ժողովրդի անվստահությունը ժողովրդավարության հանդեպ, մյուս կողմից՝ ստվերում է հայ-ֆրանսիական հարաբերությունները. Սուրենյանց

views-count2578 դիտում article-date 21:58 29-06-2025
Հայաստանում քաղաքական հետապնդումների դեպքերը, անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, դատարանների նկատմամբ ճնշումները, Եկեղեցու դեմ պետական հակաքարոզչությունը սպանում են ժողովրդավարությունը, որի պաշտպանությունը բարձրաձայնում է Մակրոնը։ Այս մասին հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Մակրոնի հերթական սայթաքումը. ո՞վ է վտանգում հայ- ֆրանսիական հարաբերությունները: 

ՌԴ-ն չի ցանկանում որևէ կերպ միջամտել Հայաստանի ներքին գործերին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին։ «Դա Հայաստանի ներքին գործն է»,- հավելել է նա։

Հայաստանում ծավալվող ներքաղաքական դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ սա է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ինչն, ի դեպ, բխում է միջազգային իրավունքից:

Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանի տոտալիտար նկրտումների թիրախներից մեկը Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանն է:

Նրա ապօրինի կալանքի հետևանքները վերացնելու ուղղությամբ Մոսկվան, անշուշտ, ջանքեր գործադրում է, բայց, ըստ ամենայնի, դա անում է դիվանագիտական խողովակներով՝ ներքաղաքական միջամտության առիթ չտալու համար:

«Շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետի հետ»,- գրել է Էմանյուել Մակրոնը X-ի իր էջում, ապա հավելել է. «Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ»։

Միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, պետությունները պարտավոր են չմիջամտել այլ ինքնիշխան պետությունների ներքին գործերին։

«Միջամտություն» (intervention) հասկացությունը վերաբերում է սովորաբար ուժի կիրառման սպառնալիքին կամ իրական կիրառմանը, ինչպես նաև ուղղակի գործողություններին՝ ընտրությունների արդյունքների թելադրում, կառավարությունների փոփոխություն և կամ կառավարություն ցուցադրական աջակցություն։

Ուղղակի գործողություն Մակրոնը չի արել:

Բայց երբ Մակրոնն ոչ թե աջակցում է ինստիտուցիոնալ ժողովրդավարությանը, այլ բացահայտ իր համերաշխությունն է հայտնում իշխանությունների ավտորիտար քաղաքականությանը՝ դա այլևս չեզոք դիրքորոշում չէ։ Դա համարժեք է Հայաստանի ներքին քաղաքական կյանքում դիրքավորմանը:

Հայաստանում քաղաքական հետապնդումների դեպքերը, անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, դատարանների նկատմամբ ճնշումները, Եկեղեցու դեմ պետական հակաքարոզչությունը սպանում են ժողովրդավարությունը, որի պաշտպանությունը բարձրաձայնում է Մակրոնը։

Մակրոնի հայտարարությունը վտանգավոր է նաև միջազգային էթիկայի տեսանկյունից։

Դժվար է չնկատել, որ այն փաստացիորեն լեգիտիմացնում է իշխանության վարած հակաժողովրդավարական քաղաքականությունը՝ ճանապարհ բացելով նոր ռեպրեսիաների համար:

Մակրոնի նման դիրքորոշումը, մի կողմից, խորացնում է մեր ժողովրդի անվստահությունը ժողովրդավարության հանդեպ, մյուս կողմից՝ ստվերում է հայ- ֆրանսիական հարաբերությունները:

Նման պնդում անելու հավելյալ պատճառներ ունեմ:

Մակրոնն իր տեքստում այլ մանրամասներ է նշել իր ու Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ զրույցի ընթացքում նաև վերահաստատել է աջակցությունը Փաշինյանի «քաջարի ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար»։

«Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ դրանից այն կողմ»,-ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։

«Խաղաղության ու բաց սահմանների» ի՞նչ պարամետրերի մասին է ակնարկում Մակրոնը ու արդյո՞ք Փաշինյանի «քաջարի ջանքերի» մասին հիշատակումը չի հուշում, որ Մակրոնը հերթական անգամ Հայաստանից ակնկալում է նշաձողի իջեցում հայ- ադրբեջանական բանակցություններում:

Բայց արդյո՞ք դա բերելու է իրական խաղաղության, որին ձգտում ենք բոլորս, թե՞ նոր ազգային աղետի հայերիս համար՝ ինչպես դա տեղի ունեցավ 2022-ի հոկտեմբերի 6-ին, Պրահայում, երբ Փաշինյանը, նույն Մակրոնի ու Միշելի հորդորով, իջեցրեց նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում՝ ճանապարհ հարթելով Արցախի կործանման համար:

Իսկ գուցե գլոբալիստական Արևմուտքը, Ֆրանսիան հենց նրա համա՞ր են աջակցում Փաշինյանի բոլոր ներքաղաքական այլանդակությունները, որպեսզի նրան հակեն զիջումների՝ Ադրբեջանի հետ բանակցություններում:

Մակրոնը, թերևս, Փաշինյանից գործնական քայլեր է ակնկալում, մանավանդ, որ Երևանում է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալլասը»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր