211652_close_icon

Դատարան է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 19-ամյա տղան, ով կասկածվում է 54-ամյա տղամարդուն մահ պատճառելու մեջ. մինչ այդ կասկածյալը փորձել է հանդարտեցնել մահացածի և նրա հոր միջև տեղի ունեցած վիճաբանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count64629 դիտում article-date 18:22 26-06-2025
Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հայարփի Սարգսյանն ու Արմեն Գևորգյանը միջնորդություն են ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի բնակիչ 19-ամյա տղայի նկատմամբ, ով կասկածվում է հունիսի 24-ին Դարպաս գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Ա.-ին սպանելու մեջ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին կասկածյալն արդեն տեղափոխվել է դատարան և սպասվում է, թե երբ կսկսվի դռնփակ դատական նիստը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան օպերատիվ տեղեկություններ, որ սպանվածը մինչ այդ վիճաբանություն է ունեցել սեփական հոր հետ, ինչի ժամանակ մի քանի անգամ քաշքշել ու հարվածել է նրան և վիճաբանության ժամանակ հնչել են հայհոյանքներ ու 19-ամյա տղան, ով հարևանությամբ է բնակվում, մոտեցել և հորդորել է, որպեսզի դադարեցնեն խուլիգանությունը, սակայն Աշոտ Ա.-ն, դանակը ձեռքին, հարձակվել է 19-ամյա տղայի վրա՝ փորձելով հարվածել նրան ու կասկածյալը խլել է նրա ձեռքից դանակն ու ինքն է հարվածներ հասցրել Աշոտ Ա.-ին:
 
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 24-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Դարպաս գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ և կա վիրավոր։

Գյուղ էին ժամանել Լոռու մարզի քրեական ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։

Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին գյուղ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել էին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխել տղամարդու դի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել էին, որ մահացածը Դարպաս գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Ա․-ն է, ում մարմնի վրա առկա է եղել հարվածի և սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներ։

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հայարփի Սարգսյանի և Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները ու քննիչները պարզել էին ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով 17 տարեկան է և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզի փորձաքրեագետը։

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ կասկածյալը 19-ամյա տղա է:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր