211652_close_icon

Իրավապահ մարմինները տևական անգործություն են ցուցաբերել այն պայմաններում, երբ նշված հանցագործությունից տուժած անձինք հայտնել են հիմնավոր կասկածներ առ այն, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում. հայտարարություն

views-count5181 դիտում article-date 15:20 23-06-2025
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, միակողմանի ներկայացված և խեղաթյուրված տեղեկություններ, հարկ ենք համարում ներկայացնել դեպքի և դրան նախորդող իրադարձությունների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը․

 2023 թվականի հոկտեմբեր ամսից սկսած Գոռ Մինասյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, նրան ճանաչող և չճանաչող բազմաթիվ մարդկանց «Telegram» և «WhatsApp» հավելվածներով ուղարկվել են վերափոխված ձայնագրություններ և կեղծ հաղորդագրություններ, որոնցով դեռևս այդ ժամանակ անհայտ անձինք նպատակ են հետապնդել արատավորել Գոռ Մինասյանի բարի համբավը, նվաստացնել նրա պատիվն ու արժանապատվությունը, սերմանել թշնամանք, հրահրել բախումներ և պատճառել հոգեկան ուժեղ տառապանք: Մասնավորապես, վերը նշված վերափոխված ձայնագրություններում և կեղծ հաղորդագրություններում առկա են եղել Գոռ Մինասյանի անձի, անձնական (ինտիմ) և ընտանեկան կյանքի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ, թե իբր վերջինս ունի սեռական շեղված կողմնորոշում, իբր վերջինս արտամուսնական կապի մեջ է գտնվում բազմաթիվ կանանց հետ (այդ հաղորդագրություններն ուղարկվել են նաև այդ կանանց ամուսիններին), իբր վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս գյուղի երիտասարդների հասցեին և այլ նույնաբնույթ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Բացի այդ, պարբերաբար նույնանման տեղեկատվություն պարունակող թռուցիկներ են հայտնաբերվել Տաթև բնակավայրի տարբեր հատվածներում, իսկ հետագայում պարզվել է նաև, որ նշված` դեռևս այդ ժամանակ անհայտ անձանց կազմակերպմամբ, ուղղորդմամբ և նախաձեռնությամբ գաղտնալսող սարք է տեղադրված եղել Գոռ Մինասյանի ավտոմեքենայում: Նշվածին զուգահեռ, վախի և տագնապի զգացում առաջացնելու միտումով, Գոռ Մինասյանի շրջապատի մարդիկ ստացել են սպառնալիքներ և հետապնդումների են ենթարկվել անհայտ տրանսպորտային միջոցների կողմից:

Վերը նշված դեպքերի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ (որոնցից առաջինը` 2023 թվականի հոկտեմբերի 24-ին), վարույթները միացվել են, սակայն իրավապահ մարմինների դրսևորած անգործության կամ գործելու անկարողության պատճառով դեռևս այդ ժամանակ անհայտ անձինք չեն բացահայտվել և շարունակել են իրենց չարամիտ, անբարոյական և անօրինական գործելակերպը ընդհուպ մինչև 2025 թվականի մայիսի վերջ: Ընդ որում, իրավապահ մարմինները տևական անգործություն են ցուցաբերել այն պայմաններում, երբ նշված հանցագործությունից տուժած անձինք իրենց ցուցմունքներով հայտնել են հիմնավոր կասկածներ առ այն, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում:

2025 թվականի հունիսի 16-ին Մ. Մ.-ն Գոռ Մինասյանին և նկարագրված հանցագործությունից տուժած այլ անձանց տեղեկացրել և համապատասխան ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ վերոնշյալ գործողությունները կատարել են իր բարեկամներ Մարո Մարտիրոսյանը և նրա եղբայրը` Կարո Մարտիրոսյանը: 2025 թվականի հունիսի 17-ի առավոտյան Մ.Մ.-ն և հանցագործությունից տուժած անձանցից Մ․ Թ-ն, Մ. Ծ.-ն և նրա ամուսինը ուղևորվել են ՀՈԳՎ Գորիսի բաժին, որպիսի նշված տեղեկությունը հայտնեն իրավապահ մարմիններին: Մարո Մարտիրոսյանը, իմանալով այդ մասին և գիտակցելով, որ իր ու իր եղբոր հանցավոր գործունեությունը բացահայտվել է, ցանկանալով ամեն կերպ խոչընդոտել նշված անձանց` ոստիկանության բաժին հասնելը, իր կողմից վարվող ավտոմեքենայով շարժվել է նրանց հետևից:

Ճանապարհին նշված անձինք հանդիպել են Գոռ Մինասյանի ընկերոջը` Գևորգ Հարությունյանին, և հայտնել նրան Մարո Մարտիրոսյանի և նրա եղբոր գործողությունները բացահայտված լինելու և դրանով պայմանավորված Մարո Մարտիրոսյանի կողմից իրենց հետապնդելու մասին: Դրանից որոշ ժամանակ անց, ըստ Գևորգ Հարությունյանի կողմից հայտնած տեղեկությունների, նրա և Մարո Մարտիրոսյանի վարած ավտոմեքենաների միջև տեղի է ունեցել բախում, որից հետո Մարո Մարտիրոսյանի կողմից Գևորգ Հարությունյանին հարվածելու և նրա ու նրա կնոջ հասցեին սեռական բնույթի հայհոյանք հասցնելու պատճառով Գևորգ Հարությունյանն ապտակել է Մարո Մարտիրոսյանին:

Դեպքից 1 օր անց ձերբակալվել է նաև Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը, որի նկատմամբ 2025 թվականի հունիսի 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթև վնաս պատճառելը): Գոռ Մինասյանը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը:

2025 թվականի հունիսի 21-ին միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գոռ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը երկու ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ: Դատարանը, թեև արձանագրել է Գոռ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը, որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ (այդ որոշման դեմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել հատուկ վերանայման բողոք):

 Ամփոփելով վերոգրյալը` արձանագրենք, որ շարունակվող հանցագործության պայմաններում իրավապահ մարմինների` շուրջ 1 տարի 8 ամիս դրսևորած անգործության պատճառով Մարո Մարտիրոսյանը և Կարո Մարտիրոսյանը (նաև նրանց հետ հնարավոր համագործակցող անձինք (ըստ գյուղում շրջանառվող խոսակցությունների` վերջիններիս հովանավորում են ՀՀ ազգային ժողովի 2 պատգամավորներ)) չեն ենթարկվել քրեական պատասխանատվության: Դրա փոխարեն Մարո Մարտիրոսյանի գույքը ենթադրաբար վնասելու և նրա առողջությանը ենթադրաբար թեթև վնաս պատճառելու համար հանրային քրեական հետապնդման է ենթարկվել ու կալանավորվել Գոռ Մինասյանը:

Հորդորում ենք լրատվամիջոցներին այսուհետ զերծ մնալ միակողմանի կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց, իսկ իրավապահ մարմիններին կոչ ենք անում վերջապես գործել և պատասխանատվության ենթարկել Գոռ Մինասյանի և նրա բարեկամների, ընկերների, Տաթևի համայնքի այլ բնակիչների նկատմամբ անբարոյական և անօրինական գործողություններ կատարած վերոնշյալ անձանց։
Գոռ Մինասյանի պաշտպաններ`
                                                                Արտակ Նավասարդյան
                                                                Սլավիկ Պողոսյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 17-ին միջադեպ էր տեղի ունեցել Սյունիքի մարզի Տաթև գյուղում, որի հետևանքով 34-ամյա աղջիկը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց: Ժամեր անց, բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նրա եղբայրը: Նրանց հայրը պնդում է, որ դստերը վնասվածքներ է պատճառել  Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Հետքի» տեղեկություններով՝ Գ. Մինասյանը ձերբակալվել էր: Վերջինիս թիմակիցները պնդում էին, որ կատարվածը քաղաքական դրդապատճառ ունի, և Գոռ Մինասյանն ամենևին կապ չունի կատարվածի հետ: 

Տուժածների հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, «Հետքի» հետ զրույցում ասել է, որ Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը երեկ՝ 2025թ. հունիսի 17-ին, գյուղում 3 անգամ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր դստեր՝ Մարո Մարտիրոսյանի մեքենային, այնուհետև 2 այլ տղամարդու հետ բացել են դստեր մեքենայի դուռն ու ծեծել Մարոյին, ինչի հետևանքով վնասվածքներ են եղել դեմքի տարբեր հատվածներում, կոտրվել է նաև քիթը։

Մարո Մարտիրոսյանին տեղափոխել էին Գորիսի հիվանդանոց, որտեղից էլ Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարուժան Մարտիրոսյանը պատմել էր, որ Երևանի հիվանդանոցում են եղել, երբ Էրեբունի վարչական շրջանից բժշկական կենտրոն տեղափոխել են նաև որդուն՝ Կարո Մարտիրոսյանին։ Դեմքն այնքան վնասված է եղել, որ սկզբում չի ճանաչել որդուն։

Վարուժան Մարտիրոսյանի պատմելով՝ Էրեբունի վարչական շրջանում մուրճով կոտրել են տղայի ոտքը և դաժան ծեծի ենթարկել։ Վ. Մարտիրոսյանը զավակներին ծեծելու դեպքերը միմյանց հետ է կապում։

Հարցին, թե ինչն է եղել դստեր ու որդու նկատմամբ դրսևորած նման վերաբերմունքի պատճառը, Վարուժան Մարտիրոսյանը դժվարացավ հստակ պատասխանել: Ասաց, որ 2018թ. մարտ ամսին իր սեփական կառուցապատված տարածքի մի մասը գաղտնի սեփականացրել են, ինչի մասին իմացել է մոտ մեկ տարի անց։ Դիմել է իրավապահ մարմիններին, դատարան, ինչից էլ վարչական ղեկավարի հետ լարվածությունը խորացել է։

Մասնավորապես՝ Վարուժան Մարտիրոսյանը 2022թ. մայիսին Գ. Մինասյանի դեմ հայց է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Տաթևի վանքի հարակից տարածքի թիվ 4 օբյեկտ հասցեում գտնվող 0,4135 հա մակերեսով հողամասից 910 քմ մակերեսով ապօրինի տիրապետվող հողատարածքը վերադարձնելու պահանջով։ Գործի դատաքննությունը դեռ շարունակվում է։

Վարուժան Մարտիրոսյանն ասաց, որ ինքն իշխանական հայացքներ ունի, իսկ վեճի մյուս կողմում հայտնվածները՝ ընդդիմադիր, ինչն էլ սրում է իրավիճակը:

Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ հաղորդման առթիվ 2025թ. հունիսի 17-ին  Սյունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (գույքը ոչնչացնել կամ վնասելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու) և 207-րդ հոդվածի 1-ին մասի (մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 2 անձ տուժող է ճանաչվել: Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Բացի այդ, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու դեպքի առթիվ 2025թ.  հունիսի 17-ին Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով  (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և  167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի միջոցով մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Թե՛ Սյունիքում, թե՛ Երևանում նախաձեռնված քրեական վարույթներով մեկական անձ է ձերբակալվել։ «Հետքի» տեղեկություններով՝ նրանցից մեկը Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն է, ինչի պատճառով նրանից չկարողացանք պարզաբանումներ ստանալ։

Տաթև խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղար Մարի Թևոսյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ դեպքն ուռճացված է հանրությանը ներկայացվել, կատարվածի հետ Գոռ Մինասյանը որևէ կապ չունի: Նրա անունը շահարկվում է քաղաքական և անձնական այլ նպատակներով:

Մարի Թևոսյանի խոսքերով՝ այս վիճակին հասել են իրավապահ մարմինների բացթողումների պատճառով:

Տաթև համայնքի աշխատակազմի քարտուղարը նշեց, որ 2021թ. Վարուժան Մարտիրոսյանը եղել է Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ: Սակայն, պաշտոնավարել է 6 ամիս: Նույն տարվա հոկտեմբերին Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում Վ. Մարտիրոսյանը լքել է այդ պաշտոնը, ինչից հետո էլ ավելի են սրվել Գոռ Մինասյանի ու Վարուժան Մարտիրոսյանի հարաբերությունները՝ վերջինիս կողմից հրահրվել են վեճեր, կոնֆլիկտներ:

Մարի Թևոսյանը պատմել է, որ 2023թ. հոկտեմբերի 10-ի կեսգիշերին հայհոյանքներով նամակ է ստացել: Եղել է նաև անձնական բնույթի խոսակցություններով մոնտաժված ձայնային հաղորդագրություն՝ իր և Գ. Մինասյանի մասնակցությամբ:

Մ. Թևոսյանի փոխանցմամբ՝ նույն նամակները փոխանցվել են և՛ իր հարազատներին, և՛ Գոռի ընկերներին ու հարազատներին: Դրանից հետո Մ. Թևոսյանը եկել է Երևան և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, քանի որ թերհավատորեն է  մոտեցել տարածքային իրավապահ մարմինների գործողություններին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, գործն ուղարկվել է Սյունիքի մարզ, որը մինչ օրս քննվում է: Այդ ընթացքում, ըստ Մ. Թևոսյանի, այդ նամակները դարձյալ տարածվել են: Տաթևի աշխատակազմի քարտուղարի փոխանցմամբ՝ հաղորդում տալու ժամանակ իրավապահներին, որպես կասկածյալ, հայտնել է նաև Մարտիրոսյանների անունը:

2 օր առաջ Մարի Թևոսյանին Տաթև գյուղից մի կին պատմել է, որ այդ ամենը կազմակերպվել է Վարուժան Մարտիրոսյանի զավակների կողմից:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունիսի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Խաղաղ Դոնի փողոցում մի խումբ անձինք դաժան ծեծի էին ենթարկել 39-ամյա Կարո Մ.-ին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները։

Տեղում պարզվել էր, որ մինչ այդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայի կողմից Սյունիքի մարզից «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխել 34-ամյա Մարո Մ.-ն։ Վերջինս նույնպես գտնվում է ծայրահեղ վիճակում և նշված անձինք քույր ու եղբայր են։

 «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարո Մ.-ն ծեծի էր ենթարկվել Սյունիքի մարզի գյուղապետերից մեկի կողմից և երբ նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա եղբայրը Խաղաղ Դոնի փողոցում էր եղել ու մի խումբ ստահակներ հարձակվել ու ծեծի էին ենթարկել նաև նրան։

Կային օպերատիվ տեղեկություններ, որ այդ ծեծը կազմակերպված էր եղել գյուղապետի կողմից։

Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցել էր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամքներ դեպքի վերաբերյալ չէինք հրապարակում, իսկ կասկածյալը Սյունիքի մարզի Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր