211652_close_icon

ԱՄՆ Կոնգրեսի հատուկ նիստում քննարկվել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների հարցը

views-count607 դիտում article-date 21:36 11-06-2025
ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովը հատուկ լսումներ է անցկացրել՝ անդրադառնալով Թուրքիայում ժողովրդավարության հետընթացին, խոսքի ազատության սահմանափակումներին և մարդու իրավունքների խախտումներին։

Նիստն անցկացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ընդամենը երկու շաբաթ առաջ, ինչը մեկնաբանվում է որպես ուղերձ միջազգային հանրության մտահոգության մասին։

Լսումներին վկաների կարգավիճակով հանդես են եկել երեք հայտնի անձինք՝ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, ակտիվիստ Էնես Քանթեր Ֆրիդոմը և ԱՄՆ-ում գյուլենական կառույցի ներկայացուցիչ Ալփ Ասլանդողանը։ Նրանք ներկայացրել են Թուրքիայում ընդդիմադիր գործիչների, լրագրողների, իրավաբանների ու քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների մեխանիզմները, ինչպես նաև արտերկրում իրականացվող հետապնդումների դեպքերը։

Հանձնաժողովի քննարկման հիմնական ուղղությունները՝
1. խոսքի ազատության դեմ դատական և վարչական հալածանքները,
2. կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը,
3. քաղաքական ընդդիմության նկատմամբ դատական գործերով ճնշումները,
4. արտասահմանում ընդդիմադիրների դեմ իրականացվող առևանգումներն ու հետապնդումները,
5. դատական համակարգի անկախության բացակայությունը։

Հանձնաժողովի նախկին զեկույցներում ևս ընդգծվել էր Թուրքիայում ժողովրդավարության հետընթացի մասին։ Մասնավորապես 2024թ․ զեկույցում նշվել էր, որ «Թուրքիայում օրենքի գերակայությունը փոխարինվել է քաղաքական լոյալությամբ»։

Քննարկվել են նաև Թուրքիայի արտերկրյա գործողությունները՝ մասնավորապես թուրքական հատուկ ծառայությունների մասնակցությամբ մարդկանց առևանգման դեպքերը Կոսովոյում, Քենիայում և Մալայզիայում։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Կոնգրեսում նման քննարկումները կարող են ազդել թե՛ Թուրքիայի միջազգային հեղինակության վրա և թե՛ ՆԱՏՕ-ում ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նրա նկատմամբ պահանջների խստացման վրա։

Նմանատիպ նյութեր