211652_close_icon

Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ մահացած վիճակում հայտնաբերված տղամարդու ինքնությունը պարզվել է. թե՛ մահացածը, թե՛ կռվի մասնակիցները ոչ մի առնչություն չեն ունեցել հարսանյաց սրահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count11860 դիտում article-date 22:08 08-06-2025
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչները, համագործակցելով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների հետ պարզել են երեկ՝ հունիսի 7-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկի կողմից հրելու և բարձրությունից վայր ընկնելու հետևանքով գլխի շրջանում ստացված վնասվածքից մահացածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 81-ամյա Մնացական Հ.-ն է, ում մարմինը հայտնաբերվել էր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ։

Պարզվել է, որ թե՛ վիճաբանության մասնակիցները, թե՛ մահացողը ոչ մի առնչություն չեն ունեցել «Լիզա» հարսանյաց սրահի հետ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 7-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։

Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Մամիկոն Հակոբյանը և Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը։

Ժամանել էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հարամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հենց դեպքի վայրում պարեկները ստացված օպերատիվ տեղեկություններով 1 հոգու կարողացել էին վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն էր։

Ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել էին քաղաքացու մահը, ով հայտնաբերվել էր «Լիզա» հարսանյաց սրահի  մուտքի մոտ՝ նկուղային հարկում։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու դեպքի հանգամանքները։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր