211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին․ պարեկները ենթադրյալ կասկածյալին դեպքի վայրում կարողացել են վնասազերծել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count35135 դիտում article-date 17:04 07-06-2025
Այսօր՝ հունիսի 7-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Մամիկոն Հակոբյանը և Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը։

Ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հարամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հենց դեպքի վայրում պարեկները ստացված օպերատիվ տեղեկություններով 1 հոգու կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որը ենթադրյալ կասկածյալներից մեկն է։

Ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը, ով հայտնաբերվել են «Լիզա» հարսանյաց սրահի  մուտքի մոտ՝ նկուղային հարկում։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու դեպքի հանգամանքները։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութը կարող եք դիտել SHAMSHYAN.com-ի տելեգրամի ալիքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 204+
204+

Նմանատիպ նյութեր