211652_close_icon

Մահվան ելքով վրաերթ՝ Պռոշյան գյուղում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count28446 դիտում article-date 12:32 06-06-2025
Երեկ՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայիք մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Վոլոդյա Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Մարինե Ա.-ին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:
 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը: 
 
Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհանես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Բաբախանյանի գլխավորությամբ: 
 
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Քննիչի հանձնարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր