211652_close_icon

Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ, օգտվելով իր անուշադրությունից, իրենից գողացել են 4500 դոլար. Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Նախշունին ու Սիրունին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count41389 դիտում article-date 10:59 11-05-2025
Մայիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, ինչը տաք հետքերով բացահայտվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի ծառայողների կողմից։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 02:15-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 55-ամյա Մերաբ Դունդուային և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, իր ընկերոջ՝ Ռամազիի հետ գտնվելիս են եղել Բագրատունյաց պողոտայում գործող «Սատուրն-Գարդեն» հյուրանոցային համալիրում, որտեղ իրեն թալանել են։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ Մ. Դունդուային ու նրա ընկեր Ռամազին աշխատում են վրացական «Պոնտի» ընկերությունում՝ որպես բեռնատարի վարորդներ և եկել են նշված հյուրանոցային համալիր, որտեղ էլ 2 անծանոթ աղջիկների հետ փորձել են ժամանակ անցկացնել, ու ըստ Մ. Դունդուայիի հայտնածի՝ այդ աղջիկները, օգտվելով իր անուշադրությունից, իր տաբատի գրպանից գողացել են 4500 ԱՄՆ դոլար։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Շենգավիթի ոստիկանները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կասկածյալ աղջիկների ինքնությունը. նրանք են Երևանի բնակիչ 45-ամյա Նախշուն Ս.-ն և Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սիրուն Ս.-ն։

Նշված անձինք գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված կանայք հերքում են Մ. Դունդուայիի հայտնածը՝ ասելով, որ  ճիշտ է նրանց հետ են եղել, բայց գումար չեն տարել։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր