211652_close_icon
views-count68624 դիտում article-date 20:49 09-04-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Գեղաշեն գյուղում բախվել են Toyota RAV4-ը և Opel Astra-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ վիրավորները վարորդներից մեկի մայրն ու կինն են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

18:20-ի սահմաններում՝ Գեղաշեն գյուղի առաջին փողոցի 8-րդ տան դիմաց բախվել են նույն գյուղի բնակիչներ 63-ամյա Մերուժան Հայրապետյանի վարած Toyota RAV4 մակնիշի և 42-ամյա Բենիկ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ 37-ամյա Հեղինե Մինասյանն ու 63-ամյա Սոնա Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել համագյուղացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Վահան Թորոսյանն ու կրտսեր պարեկ Նիկոլայ Կաղյանը։

Վարորդները տեղում ենթարկվել դեն սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Opel-ի վարորդի մայրն ու կինն են։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր