211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. վերամբարձ կռունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է՝ կոտրելով ծառեր, գազախողովակներ, իսկ Երևանի քաղաքապետը «լոլո» է կարդում, թե մենք կպաշտպանենք բնակիչների շահերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count30834 դիտում article-date 14:55 07-05-2025
Այսօր՝ մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 135 հասցեում վերամբարձ կռունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է, ինչի հետևանքով գույք է վնասվել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Պարզվել է, որ նշված հատվածում ավտոտնակը հեռացնելիս վերամբարձ կռունկը շրջվել է, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տներին մատակարարվող գազախողովակներն ու գազասյուները, կոտրվել են ծառեր: 
 
Այս պահին տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գեղամ Հովհաննսյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Մկրտչյանը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել նշված տարածքում աշխատանքներ կատարելու ուղղությամբ:

Ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները:

Երջանիկ պատահականությամբ վերամբարձ կռունկի ընկնելու ժամանակ բակում քաղաքացիներ չեն եղել, իսկ դրա հարևանությամբ էլ կա ֆուտբոլի խաղահրապարակ, զրուցարաններ, ու այնտեղ միշտ մարդիկ են լինում: 
 
Այս տարածքի համար երկար ժամանակ է՝ ողջ բնակիչներով պայքարում են, որպեսզի իրենց կողմից տարիներով ստեղծված ու խնամված այգին չվերանա ու դրա հարակից տարածքում քարե շինություն չկառուցեն: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել թաղապետարանի աշխատակիցները: Տեղում պարզվել է նաև, որ շինթույլտվության գլխավոր հերոսը Երևանի քաղաքապետարանն է, հետևաբար Շենգավիթի թաղապետարանը լիազորություններ չունի կանխել Երևանի քաղաքապետարանի որոշման իրականացումը, հետևաբար՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ շան գլուխը թաղված է Տիգրան Ավինյանի աշխատասենյակում: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օրեր առաջ Շենգավիթի թաղապետը քաղաքապետարանում քաղաքապետի տեղակալներին խնդրել է, որպեսզի վերանայեն նշված հատվածում շինթույլտվության խնդիրը, ու հաստատ լավ կլիներ, որ խնդիրը լուծվեր ի շահ բնակչի:  

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, «Էրեբունի» օդանավակայանի հարևանությամբ՝ Արշակունյաց պողոտա 135 հասցեում գտնվող, ժողովրդին հայտի օդաչուների շենքի բնակիչները իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում այն հարցի հետ կապված, որ շենքի դիմացի այգու մի մասի վրա, որտեղ գտնվում են նաև մարզասարքերը, ցանկանում են երկհարկանի շենք կառուցել։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները՝ շենքի համատիրության նախագահ Հարութ Գևորգյանի գլխավորությամբ, ասել էին․ 

«Այս փոքր կրպակի սեփականատերը, որոշել է այգուց շուրջ 56 քառակուսի մետր մակերեսով տարածք իրենով անել ու տեղը ըստ մեզ հասաց լուրերի երկհարկանի շինություն կառուցել։ Ո՞վ է տեսել նման բան, որ երեխաների խաղահրապարակը, որտեղ գտնվում են նաև մարզասարքեր, հատկացնեն բնակչին երկհարկանի շինություն կառուցելու համար։ Գիտենք, որ նրան հաջողվել է սեփականաշնորհել ու անգամ շինթույլտվություն ստանալ, բայց թե ինչպես, դա պարզ չէ։ Դիմել ենք Երևանի քաղաքապետարան ու խոստացել են, որ մեզ պատասխանեն միչև այս ամսվա 9-ը։ Մեր ձեռքով խնամված այգին, որը կենսական նշանակություն ունի այս շենքի համար, ինչ-որ մեկի թեթև ձեռքով հատկացվել է կրպակի սեփականատերին, որ ծառերը կտրի, շենքը կառուցի ու օդներս փակի։ Մի թե այլ՝ ավելի հարմար տարածք չկար շինարարության համար, քան այս այգին։

 Ուզում ենք հավատանք, որ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, մեզ սպառիչ պատասխան կտա, կչեղարկի շինթույլտվությունը և թույլ չի տա, որ այստեղ որևէ շենք կառուցվի»։

SHAMSHYAN.com-ի հետ է կապվել էր նաև կառուցապատողը, ով ներկայացնրել էր իր տեսակետը, որը մենք ներկայացնում ենք ընթերցողին։

«Ձեզ եմ դիմում Արշակունյաց 135/28 հասցեում գտնվող շինարարության հետ կապված։ Ես՝ Եղիշե Մանուկյանս, գույքը գնել եմ նախկին տիրոջից, որտեղ 30 տարի շարունակ գործող խանութ է եղել։  Սեփականացրել եմ 2017 թվին և երկհարկանի խանութ կառուցելու շինթույլտվություն եմ ստացել 2020 թվականին, սակայն  44-օրյա պատերազմը, Սանասարի ճակատում զոհված և հետմահու արիության մեդալի արժանացած  որդուս՝ Գևորգ Եղիշեի Մանուկյանի  կորուստը խափանեցին բոլոր պլաններս։ 2023 թվականին դիմել և երկարացրել եմ շինթույլտվությունը, սակայն շինարարությունը իրականացնելու ընթացքում բախվել եմ խոչընդոտների։ Որոշ մարդիկ ուզում են տիրանալ այդ գույքին, նրանք նույնիսկ ինձ միջնորդավորված ձևով առաջարկել են վաճառել գույքը, սակայն մերժում ստանալուց հետո կազմակերպված ձևով խոչընդոտում են շինարարությանը՝ վիճաբանություններ հրահրելով և ապատեղեկատվություն տարածելով։ 

SHAMSHYAN.com կայքում ապատեղեկատվություն է տարածվել, թե մենք պատրաստվում ենք ծառեր կտրել։ Մենք մեր սեփականության տարածքից դուրս կանաչ գոտին վնասող որևէ գործունեություն չենք ծավալելու։ Ձեզ թյուրիմացության մեջ են գցել։ Հարգելի պարոն Շամշյան, հրավիրում եմ ձեզ կրկին լուսաբանել այս խնդիրը և նաև իմ տեսակետը ներկայացնել, այլապես ձեր նյութը միակողմանի է և խեղաթյուրում է իրականությունը»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր