211652_close_icon

Ոստիկաններն ու քննիչները պարզել են Մալաթիայում դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը. պարզվում են վրեժխնդրության հետևանքով կրակոցներ արձակողի տվյալները. վիրավորն էլ հիվանդանոցում հայտնել էր, որ վայր է ընկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count5320 դիտում article-date 09:30 23-04-2025
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական ոստիկանության վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչները հետ, պարզել են ապրիլի 21-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում վիրավորում ստացած քաղաքացու ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք, աղիների արտանկումով» ախտորոշմամբ նշված վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 28-ամյա Արմեն Մ.-ն, ում վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ հիվանդանոցում նրա հարազատները բժիշկներին հայտնել են, որ նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «խուլիգանություն և սպանություն փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործունեություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցների, այդ թվում՝ կրակոցներ արձակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 21-ին  դանակահարություն էր եղել ու կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչութան Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում դանկահարություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ և կա վիրավոր: 
 
Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը և Երևանի քրեական վարչության սպանությունների բաժնի պետ Ռազմիկ Գասպարյանը: 

Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: 

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին 1 կրակված և 2 չկրակված պարկուճ. կրակվածը հայտանբերել են նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի վերելակի մոտ, նշված մուտքի աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերել են նաև արնանման հետքեր: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն: 
 
Ոստիկանները պարզում էին՝ արդյոք վիրավորը դանակահարությա՞ն, թե՞ կրակոցի արդյունքում է տուժել: 
 
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր