211652_close_icon

Ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը Շենգավիթի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով հայտնաբերեցին Գյումրիում, իսկ տերը այն փնտրում էր Երևանի ավտոշուկայում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count30503 դիտում article-date 10:22 12-04-2025
Ապրիլի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Բաբկեն Մ․-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Արարատյան փողոցի 76 հասցեի մոտից գողացել են իրեն պատկանող ռուսական համարանիշներով «Գազել» մակնիշի ավտոքարշակը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը և բաժնի պետ տեղակալ Արծրուն Միքայելյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի  քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի գլխավորությամբ։

Տեղում տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ինքը չի տեսել ով, կամ ովքեր են գողացել, դեպքի փաստով էլ Շենգավիթի քննչական բաժնում «գողություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը հարազատների ու ընկերների հետ 2 օր փորձել է իր կապերով գտնել ավտոմեքենան, մի քանի անգամ այցելել է Էրեբունի վարչական շրջանում հայտնի ավտոշուկա, իսկ Շենգավիթի ոստիկաններն էլ 2 օր իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տեղեկություն են ստանում, որ ավտոմեքենան գողացել է Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Ս․-ն։ 

Օպերատիվ տեղեկություններով նաև պարզվում է, որ հնարավոր է նա ավտոմեքենան տեղափոխել է Գյումրի, որտեղից էլ Բավրայի անցակետով փորձելու է գողոնով հատել  ՀՀ սահմանը։

Տեղում Շենգավիթի համայնքային ոստիկանները մեկնում են Գյումրի և պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում հայտնաբերում են նշված ավտոմեքենան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Վլադիմիր Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավտոմեքենայի հայտնաբերման փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր