211652_close_icon

Բարդ, բայց օգտակար․ ԱՄՆ-ՌԴ 12-ժամյա բանակցությունների մանրամասները

views-count655 դիտում article-date 10:39 25-03-2025
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը պատմել է նախօրեին Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է «շատ խնդիրներ» քննարկել, սակայն կոնկրետ թեմաներ չի նշել։ Սենատորը նշել է, որ տեղի է ունեցել «բարդ, բայց օգտակար երկխոսություն»։ Հայտնում են ռուսական լրատվամիջոցերը։

«Ամեն ինչ քննարկվել է, եղել է հագեցած, բարդ երկխոսություն, բայց շատ օգտակար մեզ և ամերիկացիների համար... Իհարկե, ամեն ինչը չէ, որ լուծվել է, ամեն ինչում չէ, որ համաձայնել  ենք, բայց այն, որ նման խոսակցություն է տեղի ունեցել, ինձ թվում է, շատ ժամանակին է՝ հաշվի առնելով նոր վարչակազմի և նոր քաղաքական գործիչների գալը, ովքեր եկել էին փորձագիտական ​​խմբերի հանդիպմանը»,- ասել է ռուս պաշտոնյան:

Կարասինը պարզաբանել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի և «առանձին երկրների» մասնակցությամբ։ Նա համոզված է, որ ամերիկյան կողմը նույնպես շահագրգռված է երկխոսության շարունակմամբ։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 24-ին, Ուկրաինայի հարցով բանակցությունների կենտրոնական հարցը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովումն էր։ Չնայած այն հանգամանքին, որ հանդիպումը կոչվում էր «տեխնիկական խորհրդակցություններ» և չէր շոշափում ուկրաինական կարգավորման առանցքային հարցերը, ռուս-ամերիկյան այս երկխոսությունն ի վերջո դարձել է ամենաերկարը ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր՝ հանդիպումը տևել է 12 ժամ։

Նշենք, որ ԱՄՆ-ՌԴ երկխոսությունից հետո այսօր տեղի են ունենալու ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները։

Նմանատիպ նյութեր