211652_close_icon
views-count3646 դիտում article-date 11:47 18-02-2025

Շենգավիթի համայնքային ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին. կասկածյալի մոտ հայտնաբերվել են ատրճանակներ ու թմրամիջոց

SHAMHSYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, շարունակում են ուժեղացված ծառայության շրջանակներում հայտնաբերել մեծ թվով օրինախախտների, ինչպես նաև ակտիվ պայքար են շարունակում տանել ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու դեմ: 
 
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 20-ամյա Էդգար Ս.-ի մոտ հնարավոր է՝ ապօրինի զենք-զինամթերք լինի: 
 
Տեղում Շենգավիթի ոստիկանները պարզում են վերջինի գտնվելու վայրը և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին: 
 
Արդեն տեղում փաստերի ճնշման տակ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 2 հատ ատրճանակ, որոնցից մեկը «PM-X» տեսակի պնևմատիկ ատրճանակ է, իսկ մյուսը՝ անհայտ տեսակի ատրճանակ, 12 հատ մետաղյա փամփուշտ հանդիսացող գնդակներ և 1 հատ գազաբալոն, 1 հատ պահեստատուփ, թվով 6 հատ թղթե գլանակ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով:
 
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էդգար Ս.-ն ազատ է արձակվել, քննչական բաժին են ներկայացվել նաև նրա մոտ հայտնաբերված իրերը:  

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Շենգավիթի համայնքային ոստիկանները միայն այս տարի իրենց սպասարկվող վարչական տարածքում կանխել և նախականխել են 30-ից ավելի հանցագործություն, բացահայտել են մի քանի հանցագործություն, որոնց մասին տուժողներն անգամ չեն իմացել, կամ եթե իմացել են, ապա փորձել են սեփական ուժերով այն բացահայտել, ինչը արդյունք չի տվել ու Շենգավիթի համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքների արդյունքում է, որ այդ ամենը բացահայտվել է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր