211652_close_icon
views-count20105 դիտում article-date 12:58 24-01-2025

Խոշոր ավտովթար՝ Աբովյան քաղաքում. բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Հատիսի փողոցում, բախվել են «Toyota Raf 4», «Toyota Sequoia» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված անձանց տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, որոնցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, մյուսն էլ տեղափոխվել է հիվանդանոց: 
 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել են հերթապահություն: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Աբովյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Բախման հետևանքով «Hyundai»-ը գլխիայր շրջվել և հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում: 
 
Վթարի մասին ոստիկանության Աբովյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:
 
Դեպքի մասին տեղեկանալով՝ Աբովյան խոշորացված համայքնի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարականով՝ դեպքի վայր են ժամանել քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, ովքեր սպասում են, որպեսզի քննչական գործողությունները ավարտելուց հետո ավտոմեքենաները հեռացնեն ճանապարհից ու կատարեն մաքրման աշխատանքներ: 
 
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տեղում բժշկական օգնություն ստացած և հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների ինքնությունը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր