211652_close_icon
views-count2038 դիտում article-date 23:12 19-12-2024

Շենգավիթի ոստիկանների հերթական բացահայտումը․ նրանք իրականացրել են «Ամանորին պարկերդ ու դույլերդ, որ լցված են թմրամիջոցով, մենք կդատարկենք» օպերացիա․ հայտնաբերել են մոտ 9 կգ թմրամիջոց ու ատրճանակի փամփուշտներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը իր ամենօրյա հսկողության տակ է վերցրել համայնքային ոստիկանության բաժիններում հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման աշխատանքները։ Գրեթե օրը մի քանի անգամ բաժինների ոստիկանապետերը կատարված աշխատանքների մասին տեղեկություններ են փոխանցում Կ․ Հակոբյանին, ով էլ իր հերթին տեղեկություններ փոխանցում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժինը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ, շարունակում է մեծ առաջընթաց գրանցել հանցագործությունների բացահայտման, կանխման և նախականխման ուղղությամբ։ Ոստիկանության ձևավորումից հետո Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք և թմրամիջոցներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 17-ին, հերթական խոշոր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքն է արձանագրվել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից։ Հերթական օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Շենգավիթի ոստիկաններն իրականացնում են հատուկ օպերացիա, որը կրել է «Ամանորին պարկերդ ու դույլերդ, որ լցված են թմրամիջոցով, մենք կդատարկենք» անունը։ 

Շենգավիթի ոստիկանները Արարատյան փողոցում ձերբակալում և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 34-ամյա Թովմաս Մ․-ին։ տեղում պարզվում է, որ Շենգավիթի ոստիկանությունում ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։ Նրա բնակության վայրի անասնագոմում ոստիկանները, ապա նրանց միացած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները հայտնաբերում են տարբեր տեսակի տարաներով (պլաստմասե, ապակե, մետաղյա) այդ թվում՝ դույլերով չորացված, մանրացված, մշակված «մարիխունա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը կազմում է մոտ 9 կգ։ Հայտնաբերվում է նաև մոտ 38 հատ 9 մմ տրամաչափի «մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր