211652_close_icon
views-count5168 դիտում article-date 10:01 02-12-2024

Վեդիի ոստիկանները օրերի ընթացքում հայտնաբերեցին «BMW X5»-ով խանութը և տերմինալը թալանողներին․ համայնքային ոստիկանները վնասազերծումն իրականացրել են վերելակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության գործունեություն առաջին իսկ օրից համայնքային ոստիկանության բազմաթիվ բաժիններում մի իսկական որս է սկսվել քրեորեն պատժելի արարքների դեմ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ  ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը համայնքային ոստիկանության տարածքային բաժինների պետերին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ,  ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, որ համայնքային ոստիկանները պետք է չզիճեն նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներին։ Համայնքային ոստիկանները պետք է լինեն անգամ իրենց սպասարկվող տարածքի այն վայրերում, որտեղ տարին մի անգամ թաղային նախկինում մտել է, թե ոչ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 24-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք թալանել են Լուսառատ գյուղում գործող մթերային խանութներից մեկը և կոտրել են «Իզի Փեյ» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել գումար։

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ արդեն խանութի սեփականատեր, ԱՁ տնօրեն, նույն գյուղի բնակիչ 48-ամյա Ս․ Ս․-ն հայտնել է, որ նոյեմբերի 23-ի ժամը 23։00-ից մինչև նոյեմբերի 24-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են գյուղի գլխավոր փողոցում գտնվող իրենց կողմից օգտագործվող մթերային խանութի եվրոպատուհանը, մտել ներս, կոտրել «Իզի Փեյ» վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել մոտ 800 հազար դրամ, ինչպես նաև խանութից գողացել են ծխախոտներ, դրամարկղում եղած գումարը և դիմել փախուստի։

Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի ծառայողները հսկայածավալ աշխատանքներ են իրականացնում, լինում են 100-ից ավելի հասցեներում, ուսումնասիրում են մոտ 15 կմ շառավղով տարածքներ ու օրեր անց ոստիկանության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում ենթադրյալ հանցագործություն կատարող անձանց մասին։

Վեդիի ոստիկանները նոյեմբերի 29-ին հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալով ժամանում են Երևան ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գտնվող բազմահարկ շենքի վերելակում փախուստի պահին բռնում և վնասազերծում են Երևանի բնակիչ 22-ամյա Ռ․ Մ․-ին և 32-ամյա Լ․ Ս․-ին։ Վերջինս լինում է «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով ու կասկածյալները համայնքային ոստիկանների կողմից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվում և տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժին։

Ավտոմեքենան նույնպես տեղափոխվում է համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստերի ճնշման տակ պարզվում է նաև, որ նոյեմբերի 23-ին Ռ․ Մ․-ն, Տ․ Մ․-ն և ոմն Գ․-ն Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում գտնվող խանութից նույնպես կատարել են գողություն։ Գողացել են «Թել-Սել» վճարային տերմինալը, տարբեր տեսակի ծխախոտներ և դրամարկղում եղած գումարը։

Ոստիկանները հայտնաբերել են նաև «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 
Նշված անձինք ոստիկանության Վեդիի բաժնից ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։ 

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում, իսկ տուժած քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․

«Կինո էր։ Ամսի 24-ին առավոտ մտանք, որ խանութը սովորույթի համաձայն բացենք ու սկսենք մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքը, բայց մնացինք ապշած, երբ տեսանք, որ խանութի երկաթե ճաղավանդակը պոկված է, եվրոպատուհանն էլ բաց։ Խանութի դուռը բացեցինք, տեսանք «Իզի Փեյ» տերմինալը վնասված է և կոտրած։ Էլ ներս չմտանք, մինչև զանգեցինք ոստիկանության Վեդիի բաժին՝ ոստիկանները արդեն ճանապարհին էին։ Թե որտեղից էին իմացել, որ խանութը թալանել են, դա երևի մեզ չասեն։ Էկան, նայեցին, հետո փորձագետը եկավ, քննիչը եկավ ու գնացին։

Անկեղծ ասած ոչ մի հույս էլ չունեինք, որ կբացահայտեն, կբռնեն էդ թալանչիներին։ Բայց այսօր իմացանք, որ դրանց բռնել են ճիշտն ասած էլի չհավատացինք։ Բայց որ ասեցին որ «BMW»-ով են եղել հավատացինք։ Էն մյուս խանութի կամեռան էդ ամենը ֆիքսել էր, նաև՝ «BMW»-ն։ Հիմա ուրախ ենք, որ գոնե տականքներին բռնեցին։ Ախր հարամ հացը չի ուտվի, ոնցա կուլ գնալու, ինչ խղճով եք քայլելու փողոցում, երբ գիտեք, քրտինքով ապրող մարդկանց եք թալանում։ Էլի գոհ ենք, որ ոստիկանները բռնեցին, բայց մնում է մեր վնասը փոխհատուցվի, դրանք էլ արժանի պատժի ենթարկվեն, որ մյուսներին դաս լինի»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր