211652_close_icon
views-count59528 դիտում article-date 12:04 01-12-2024

Վանաձորում «բեսպրիդելը» գլուխ է բարձրացնում․ վիճաբանությունից հետո հրկիզել են «Մանգո»-ի վարած «BMW X5»-ը․ կասկածյալների մեջ են «Ծիրանի Տիգոն», «Մանգոն», «Կիրովականցի Շալոն» ու «Գրաֆ»-ը․ ժամանել է մարզի քրեական ոստիկանության վարչության պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից ով հայտնել է, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի 17 հասցեի մոտ «BMW X5» մակնիշ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել է նաև ջրատար։

Պարզվել է, որ այրվել է Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Ալբերտ Սահակյանին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենան, որը դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Վարդանյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Ա․ Սահակյանին պատկանող ավտոմեքենան Վանաձորի բնակիչ 31-ամյա Սամվել Հասանյանը կայանել է Բաթումի փողոցում, իսկ նոյեմբերի 25-ին՝ ժամը 04։00-ին, տեղեկացել է, որ նշված ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։

Մինչ Վանաձորում քննարկում էին, թե ավտոմեքենան հնարավոր է անզգուշության հետևանքով է այրվել, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի ծառայողները՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի, բաժնի պետ Ժ․ Վերանյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու արդյունքում պարզում են, որ տեղի ունեցածը անզգուշության հետևանք չէ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 24-ին Վանաձոր քաղաքի Բազում թաղամասից դեպի Բուլղարական 2-րդ ավան տանող ճանապարհահատվածի սկզբնամասում գտնվող հուշաղբյուրի մոտ խոսակցական բնույթի վիճաբանություն է տեղի ունեցել «Գրաֆ» մականվամբ՝ Վանաձորի բնակիչ 32-ամյա Գևորգ Մանուկյանի և ոմն «Ծիրանի Տիգո» մականվամբ անձի միջև, որից հետո մի քանի անձանց հետ վերջիններիս է մոտեցել Վանաձորի բնակիչ, «Մանգո» մականվամբ 33-ամյա Սամվել Հասանյանը, ով դիտողություններ է արել վերջիններին, ապա իր հետ եղած անձանց հետ վերը նշված բնակելի շենքերի բակում, բարձրաձայն հայհոյանքներով բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, խանգարել են հարակից շենքերի բնակիչների անդորրը, ապա, ըստ օպերատիվ տեղեկությունների, իր հետ եղած անձանց հետ ծեծի են ենթարկել ու դանակահարել Գ․ Մանուկյանին և «Ծիրանի Տիգո» մականվամբ անձին։

Այնուհետև նշված դեպքից հետո Գ․ Մանուկյանը և «Ծիրանի Տիգո»-ն հրկիզել են Բաթումի փողոցի 17-րդ շենքի բակում կայանված՝ «Մանգո» մականվամբ Ս․ Հասանյանի կողմից շահագործվող «BMW X5»-ը, իսկ դրանից հետո նշված տարաձայնությունները հարթելու համար փորձել են դիմել Վանաձորի բնակիչ «Կիրովականցի Շալո» մականվամբ 44-ամյա Վարդան Մանուչարյանին, սակայն Վ, Մանուչարյանին ճանաչողները նրանց ասել են որ չփորձեք նման հարցերով դիմել «Կիրովականցի Շալո»-ի, ու անգամ մտքներովտ չանցնի որև հարցով դիմել կամ հանդիպել իրեն։

Դեպքի փաստով Լոռու մարզի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նշված անձանց, ինչպես նաև կռվի մյուս մասնակիցների ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր