211652_close_icon
views-count39814 դիտում article-date 12:09 04-12-2024

Մասիսում հրկիզել են ոստիկանության քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան. ժամանել են մարզի քրեական ոստիկանության և քննչական վարչությունների պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 10-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հերթափոխի պետ Հովհաննես Թովմասյանի գլխավորությամբ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված փողոցի թիվ 56 տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի առջևում առաջացած կրակը մարել են քաղաքացիները, ապա ժամանել են հրշեջները:  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի պետ Սամվել Ասրյանը:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժաներ չկան, սակայն Արարատի մարզի քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Մասիս քաղաքի բնակիչ 47-ամյա Ժորա Հ.-ին և ժամը 01:30-ի սահմաններում անհայտ անձինք դյուրավառ վառելիքը լցրել են ավտոմեքենայի վրա և այրել:  

Վնասվել է ավտոմեքանայի դիմացի հատվածը, ինչի հետևանքով Ժորա Հ.-ին պատճառվել է մոտ 500 հազար դրամի վնաս:  

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական  բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մաիսիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի  և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Ժորա Հ.-ն նախկինում աշխատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ ինչպես են 2 անձինք մոտենում և հրկիում ավտոմեքենան, ֆիքսվել է տեսախցիկի կողմից:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր