211652_close_icon
views-count2206 դիտում article-date 21:11 19-11-2024

Ավագանու նիստում բարձրաձայնել եմ Լազոյի 4, 6 և Արշակունյաց 30 շենքերի բնակիչներին առնչվող հարցը. Գևորգ Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ավագանու նիստում բարձրաձայնել եմ Լազոյի 4, 6 և Արշակունյաց 30 շենքերի բնակիչներին առնչվող հարցը։

Խնդիրն այն է, որ խաղահրապարակի և ֆուտբոլի դաշտի փոխարեն բարձրահարկ շենք են այնտեղ ուզում կառուցել, ինչին բնակիչները կտրուկ դեմ են»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 18-ին շարունակում էր լարված իրավիճակը պահպանվել Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող բազմաբնակարանային մի քանի շենքերի բնակիչների արդարացի պահանջի վերաբերյալ:

Առավոտյան Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի բակում, որը դեռ սովետական տարիներից օգտագործվել էր բնակիչների կողմից՝ որպես թենիսի կորտեր, իսկ հետո արդեն՝ ֆուտբոլի դաշտ, ինչ-որ շինարարական կազմակերպություն առավոտ շուտ հատուկ տեխնիկաներ էր բերել, որպեսզի ֆուտբոլի դաշտում սկսի 18 հարկանի շենքի համար հիմք փորել:

Մեծ թվով բնակիչներ հավաքվել էին ֆուտբոլի դաշտում և պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում ձեռքով շինթույլտվության որոշում է կայացվել, չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշումը չի բխում բնակչի շահերից:

Բնակիչների հետ դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ բանակցություններ էին վարում «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու մեծ թվով անդամներ, այդ թվում՝ Գևորգ Ստեփանյանը, Արշակ Սարգսյանը, Սամվել Հակոբյանը, որպեսզի չփորձեին դեմ գնալ ժողովրդին և հատուկ տեխնիկան չմտցնեին ֆուտբոլի դաշտ: 

Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Որոշումը, որ ստորագրել է Տիգրան Ավինյանը, կարծում ենք, պետք է իր կողմից չեղարկվի: Սաղ աշխարհը պայքարում է առողջ ապրելակերպի համար, որի մեջ է մտնում նաև սպորտը, ու հիմա մի քանի բարձրահարկ շենքերի բնակիչների կողմից օգատգործվող ֆուտբոլի դաշտը փորձում են վերացնել, տեղը 18 հարկանի շենք գցեն: Էս վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա Երևանի հիմնադիր ճարտարապետ Թամանյանի շիրիմն է: Հիմա էդ մարդը երևի գերեզմանում շուռ է գալիս ու ասում՝ Էդ հրաման տվողի տիրու մերը, բա ես էդպիսի՞ Երևան էի ձեզ տվել: Ամբողջ քաղաքը սարքել եք բարձրահարկ շենքերի հավաքատեղի: Երևանը մենք պատկերացրել ենք կանաչ գոտիներով, խաղահրապարականերով, ու հիմա ինչ-որ մեկի քմահաճույքը կատարելով խաղահրապարակ եք վերացնում:

Դուք մտածում եք՝ էս շենքը եթե կառուցվի, ժողովուրդը ոնց է տարհանվելու, երբ արտակարգ դեպքեր լինեն, ոնց են տեղաշարժվելու շտապօգնության, հրշեջ ավտոմեքենաները, ու ժողովրդին որ ուղղությամբ են տարհանելու, իսկ երբ սկսեք այդ 18 հարկանի շենքի համար հիմքերը փորել, հարակից բոլոր բարձրահարկ շենքերը խնդիրներ են ունենալու, ցնցումներից առաջանալու են ճաքեր, ու չի բացառվում, որ այդ շենքերը դառնան վթարային: 

Մենք պահանջում ենք, որպեսզի չեղյալ հայտարարվի մեր գնահատմամբ այդ չարաբաստիկ որոշումը, հակառակ դեպքում ձեր խոստումները, որ ասում էիք՝ «ասեք, կանենք», լրիվ օդ է, հիմա մենք ձեզ ասում ենք՝ չեղյալ համարեք այդ տխրահռչակ որոշումը։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր