211652_close_icon
views-count30393 դիտում article-date 23:30 18-11-2024

Երևանում՝ Վիլնյուսի փողոցում, բարձրահարկ շենքը վթարային դառնալու «ճանապարհին» է, իսկ քաղաքապետարանը, թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը իրար վրա են գցում, թե ով կփրկի շենքն ու բակից կվերացնի գարշահոտությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի 49 շենքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում Երևանի քաղաքապետարանի, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեներին։

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 

«15 տարուց ավելի է՝ 4-մուտքանի այս շենքի նկուղները լցվում են կեղտաջրերով։ 15 տարուց ավելի է՝ ում ասես դիմում ենք, էլ Երևանի քաղաքապետարան, էլ Նոր Նորքի թաղապետարան, էլ «Վեոլիա ջուր», բայց ոչ մի հստակ պատասխան։ Քաղաքապետարանն ասում է՝ դիմեք թաղապետարան, թաղապետարանն ասում է՝ դիմեք «Վեոլիա ջուր», «Վեոլիա ջրից» էլ պատասխանում են՝ դա մեր գործը չի։ Մինչդեռ շենքի բնակչության 99 տոկոսը կանոնավոր վճարումները կատարում է «Վեոլիա ջրին», ոչ մի պարտք ու պահանջ չունենք, պարտաճանաչ վճարում ենք, փոխարենը 15 տարուց ավելի է շենքում տիրում է գարշահոտություն, կեղտաջրերը շենքի հիմքերի «հերն են անիծում», մոծակների մասին էլ խոսք չկա։ Գիշերը եթե դուրս գաս բակ, նայես երկնքին, կասես՝ եթե երկնքի աստղերին հաշիվ կա, ապա մոծակների հաշիվ չկա։

Պատասխանատուներն ընտրությունից ընտրություն գալիս, սարեր են խոստանում, հիմա մենք իրենցից ոչ սար ենք ուզում, ոչ էլ լեռ, ուզում ենք, որպեսզի մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեն ու էս խնդիրը քաղաքապետարանը, թաղապետարանը և «Վեոլիա ջուրը» լուծեն։ Իսկ այն մի քանի մետր խողովակի պատմություն է։ Եթե մենք մեր ուժերով անենք, ասֆալտը քանդենք, խողովակ փոխենք, մեզ դատի կտան։ Բա հիմա ի՞նչն է պատճառը, որ 15 տարի է՝ չեք ուզում ժողովրդին օգուտ տաք։

Թաղապետարան այնքան ենք դիմել, որ էլ կարիք չենք զգում, թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ասես Մարս մոլորակի թաղապետը լինի, մի օր չի բարեհաճում գա, սեփական աչքով տեսնի ու քթին էդ հոտն առնի, նոր երևի կհասկանա, որ բնակիչների պահանջն արդարացի է։

Հիմա չգիտենք, արդյո՞ք քաղաքապետարանը, թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» մի լավ բան կձեռնարկեն և շենքը կփրկեն նախ վթարվելուց, իսկ բնակիչներին էլ կփրկեն գարշահոտությունից։ Հակառակ դեպքում կգանք այն եզրահանգմանը, որ նշված 3 կառույցներն ավելի շատ «քամի են անում», քան ժողովրդի մասին են մտածում»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր