211652_close_icon
views-count718 դիտում article-date 12:40 09-11-2024

Ո՞րն է Ամերիկան հզորացնելու Թրամփի ծրագիրը․ «Ամերիկայի ձայն»

Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագրի հիմնական կետերն են՝ պետական սահմանների անվտանգության ապահովումը, տնտեսության զարգացումը և «առաջինը հաշվի առնել Ամերիկայի շահերը»։ Թեև նրա խոստումները, կարելի է ասել, համարձակ են, սակայն մանրամասների կարիք կա՝ հասկանալու, թե ինչպես են դրանք կյանքի կոչվելու: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Այժմ պարզ է՝ մենք ամենաանհավանական քաղաքական կետում ենք։ Ահա, թե ինչ եղավ»,- ընտրություններից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Երբ ընտրությունների գիշերը ակնհայտ դարձավ, որ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն, հանրապետական գործիչը ելույթ ունեցավ և կրկնեց առաջիկա չորս տարիների իր օրակարգը։

Պետական սահմանների անվտանգության ամրապնդումը առաջնահերթություն է, և Թրամփը հայտարարեց, որ սկսելու է անօրիանական ներգաղթյալների արտաքսման ամենից մասշտաբային ծրագիրը ամերիկյան պատմության մեջ՝ կոչ անելով մահապատժի ենթարկել ցանկացած միգրանտի, ով սպանել է ԱՄՆ քաղաքացու։

«Մենք ստիպված ենք փակել սահմանները, և մե՛նք պետք է թույլ տանք, որ մարդիկ գան մեր երկիր: Ցանկանում ենք, որ մարդիկ գան, բայց մե՛նք պետք է թույլ տանք, որ նրանք գան օրինական ճանապարհով: Նրանք պետք է օրինական գան [մեր երկիր]»,-հայտարարել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ ընտրյալ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անդրադարձել է հանրապետականների օրակարգի մեկ այլ առանցքային հարցի. «Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ քաղաքական վերադարձից հետո առաջնորդելու ենք ամերիկյան պատմության ընթացքում ամենամեծ տնտեսական վերելքը»:

«Պատրաստվում ենք մարել [պետական] պարտքերը։ Կրճատելու ենք հարկերը»,- հավելել է Թրամփը։

Պարզ չէ, թե ինչպես է Սպիտակ տան նոր վարչակազմը իրագործելու իր տնտեսական ծրագիրը՝ առանց ավելացնելու պետբյուջեի աճող դեֆիցիտը:

Թրամփն իր ելույթում հիշատակել է գործարար, միլիարդատեր Իլոն Մասկին՝ նշելով, թե նա կգլխավորի «արդյունավետության գծով կառավարական հանձնաժողովը»:

Անդրադառնալով Մասկին պատկանող ընկերություններից մեկի կողմից վերջերս տիեզերք Starship հրթիռի արձակմանը՝ Թրամփն ասել է. «Գեղեցիկ էր: Զանգահարեցի Իլոնին: Ասացի՝ Իլոն, դու՞ էիր։ Ասաց՝ այո՛։ Հարցրեցի՝ էլ ո՞վ կարող է այդ անել։ Ռուսաստանը կարո՞ղ է։ Ո՛չ։ Չինաստանը կարո՞ղ է։ Ո՛չ։ Միացյալ Նահանգները կարո՞ղ է անել՝ քեզնից բացի։ Ո՛չ։ Ոչ ոք չի կարող այդ անել։ Ասացի՝ այդ պատճառով սիրում եմ քեզ, Իլոն»։

Դիտորդների կարծիքով՝ այդ պատմությամբ Թրամփը ցանկանում էր ի ցույց դնել ԱՄՆ տեխնոլոգիական հզորությունը, որը համեմատելի չէ այլ երկրների կարողությունների հետ:

Լոնդոնի Սիթի համալսարանի սոցիոլոգ Ստեֆանի Ալիս Բեյքերն ասում է․ «Այդ խոսքերը այն մասին են, թե մենք միակ երկիրն ենք, որ կարող է նման բան անել: Կարծում եմ՝ Թրամփը ի վիճակի է օգտագործել Մասկի կերպարը՝ ներկայացնելով նրան ոչ միայն որպես բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռներեց, այլև ի դեմս նրան ի ցույց դնել Ամերիկան»:

Իր ելույթում Թրամփը խոսել է իրեն առաջնորդող սկզբունքի մասին․«Կառավարելու եմ պարզ կարգախոսով՝ խոստումները տրվել են, խոստումները պետք է կատարվեն: Մեր խոստումները կատարելու ենք»։

Սպասենք։ Արդյո՞ք Թրամփը կկարողանա ապահովել Ամերիկայի «ոսկե դարը», ինչպես խոստացել է:

Նմանատիպ նյութեր