211652_close_icon
views-count87656 դիտում article-date 11:21 02-11-2024

Շիրակի մարզում ոստիկանների ու պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ամուսնու կողմից պատանդ վերցված 23-ամյա կինը փրկվեց, ամուսինն էլ՝ վնասազերծվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խմբերը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետ Մինո Մխիթարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ  է ստացվում նշված տան բնակիչ 23-ամյա Ս․ Բ․-ից, ով հայտնում է, որ ինքը ապրիլյան 44-օրյա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրներ ունի և որ իր 23-ամյա կինը իր կողմից «գերի» է և սպառնում է, որ հնարավոր է նրա կոկորդը կտրի։

Ոստիկաններն ու պարեկները շրջափակում են տունը և տևական ժամանակ բանակցություններ են վարում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում վնասազերծել Ս․ Բ․-ին։ Վնասազերծմանը ոստիկանների և պարեկների հետ մասնակցում է նաև նրա 39-ամյա ազգականը, ով ստանում է «ձախ ձեռքի առաջին մատի հիմքի փափուկ հյուսվածքների կտրվածք վերք» վնասվածք։

Ի վերջո ոստիկաններին, պարեկներին ու հարազատներին հաջողվում է նրան տեղափոխել Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»։

Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալներ Արայիկ Դարբինյանի, Հովհաննես Պողոսյանի և Ախուրյանի քննչական բաժնի պետ Վահան Սամվելյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․

«Լավ էր ոստիկաններն ու պարեկները շուտ հասան և էդ տղային, ով իրոք հոգեկան առողջական խնդիրներ ունի, նրա քեռու հետ կարողացան վնասազերծել ու տեղափոխել «Հոգեկան առողջության կենտրոն»։ Ճիշտն ասած ինքը որ ընկնում է հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ, դառնում է անկառավարելի։ Մտածում էինք էսա հնարավոր է կնոջը վնասվածքներ պատճառի, բայց լավ էր, բանը դրան  չհասավ»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վնասազերծելուց հետո նրա  մոտ հայտնաբերվել է 2 հատ դանակ և 1 հատ ածելի։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր