211652_close_icon
views-count38551 դիտում article-date 18:39 29-10-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Դավիթ Բեկի փողոցում բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ը, «Mercedes Vito»-ն, «BMW»-ն, «Opel»-ն ու «Kia»-ն. «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի պաշտոնակատար Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում են հերթապահություն:  

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Արմեն Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաները, բացի «ԶԻԼ»-ից, եղել են կայանված:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր