211652_close_icon
views-count48443 դիտում article-date 19:29 24-10-2024

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Chery Fora»-ն, «Hyundai»-ն ու «Opel»-ը. 4 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Վանաշեն-Շիրազլու գյուղամիջյան ճանապարհին բախվել են «Chery Fora», «Hyundai» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վեդու բժշկական կենտրոն»-ի շտապօգնության ավտոմեքենայով «Վեդու բժշկական կենտրոն», իսկ 2-ին հիվանդանոց են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանն ու հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանը՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով:  

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

Բախման հետևանքով «Chery»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:  

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել են տարածքն ու տեղում իրականացրել են հերթապահություն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ. Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ա. Վարդանյանի գլխավորությամբ, ովքեր հիվանդանոցից վերադաձել են դեպքի վայր, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանը:  

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթայնի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր