211652_close_icon
views-count66459 դիտում article-date 10:30 10-06-2024

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. «Hyundai Elantra»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կա 2 զոհ. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթացել, բախվել աջ գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական փրկարարները, ապա օպերատիվորեն ժամանած Արտաշատի թիվ 23 հրշեջ-փկրկարարաան ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փրկարարները վիրավորներից մեկին դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր են ժաամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1–ին վաշտի 2–րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Մեծոյանն ու կրտսեր պարեկ Ավթանդիլ Հակոբյանը:  
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Իսկանդարյանի գլխավորությամբ:  

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է  ստացվում, որ վիրավորները, գիտակցության չգալով, մահացել են:  

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչություն նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածներն են Երևանի բնակիչ 23-ամյա Արթուր Թամոյանը և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Գրիգոր Ներսիսյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով է եղել վարորդը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր