211652_close_icon
views-count27806 դիտում article-date 23:18 22-10-2024

«Ձեզ բացակա չե՛նք դնի, ախուրյանցի լեգենդ դարձած հերոսներ»․ Ախուրյանի պանթեոնում հերոսներ Միքայել Աթոյանի, Մանվել Ալեքսանյանի և Տիգրան Համբարյանի շիրիմներին կատարվեց հոգեհանգստյան կարգ և տեղի ունեցավ խնկարկում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Հոկտեմբերի 20-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում տեղաբնակների կողմից արդեն զինվորական պանթեոն անունը ստացած հերոսների շիրիմներին էին այցելել նրանց հարազատները, ընկերները, հերոսածին մայրեր, հյուրեր Երևանից ու Հանրապետության տարբեր մարզերից։ Առավել խորհրդանշական էր այն տղաների ներկայությունը, ովքեր Արցախյան պատերազմների ժամանակ վիրավորվել են, կորցրել են ոտք ու ձեռք, բայց եկել էին ոգեկոչելու հերոսներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ Ախուրյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանայի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը, կատարեցին խնկարկում և հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին։ 

Այդ օրը 44-օրյա պատերազմի հերոս, մայոր Միքայել Աթոյանի և Մանվել Ալեքսանյանի զոհվելու օրն էր, իսկ հերոս Տիգրան Համբարյանը զոհվել է նրանցից մի քանի օր առաջ։

Ախուրյանի թիվ 2 դպրոցում հերոսական ուղին ամփոփող փառքի սրահում և Միքայել Աթոյանի անունը կրող դասարանում միշտ թարմ ծաղիկներ կան: Այնտեղ են այցելում մարզից և Հայաստանի տարբեր բնակավայրերից, խոսում ինչպես ախուրյանցի, այնպես էլ Արցախյան բոլոր պատերազմների մասնակից հերոսների մասին։ Դպրոցականները, այդ ամենը տեսնելով և մասնակից դառնալով, էլ ավելի շատ են սիրում, կարևորում ու գնահատում Հայոց բանակի, հայ զինվորի դերը՝ մեր ամուր պետականություն ունենալու գործում։

Միքայել Սարգսի Աթոյան - մայոր։ 

Ծնվել է 1984 թ. Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ 2001-2005 թթ. սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախում և Հայաստանի Հանրապետության մի շարք զորամասերում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, որից հետո վերապատրաստվել է շտաբի պետ և գումարտակի հրամանատար դասընթացներին՝ նշանակվելով Տավուշի մարզի Բաղանիս գյուղում, որպես գումարտակի հրամանատարի տեղակալ:
 Ծառայության ընթացքում արժանացել է բազում պատվոգրերի և մեդալների. 
1. Անբասիր ծառայության առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։ 
2. Գերատեսչական մեդալներով։ 
3. Հայաստանի Հանրապետության՝ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով` 21. 09. 2020 թ։ 

Մայոր Աթոյանը հոկտեմբերի 19-ին մեկնել է Արցախ, մասնակցել ռազմական գործողություններին, գերազանց կատարել իր առջև դրված խնդիրը: Հոկտեմբերի 20-ին թեժ մարտերի ժամանակ Սանասարավանի (Կուբաթլու) տարածքում ընկել է հերոսի մահով։ 

Հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2֊րդ աստիճանի մեդալով։

Ամուսնացած էր, ունի երեք երեխա։


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 314+
314+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր