211652_close_icon
views-count1273 դիտում article-date 18:59 16-10-2024

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 5-րդ նիստը

Բրյուսելում հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 5-րդ նիստը, որը ղեկավարել են համանախագահներ Լուսինե Հակոբյանը և Սիմո Տիայնենը։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նիստին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչներ, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի, Հայաստանի և Եվրոպական միության հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ։  

ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է խաղաղության հասնելու հարցում եւ, եթե միջազգային գործընկերները սկզբունքային դիրքորոշում որդեգրեն, ապա հնարավոր կլինի հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի՝ արդեն իսկ համաձայնեցված տեքստի ստորագրմանը եւ Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակմանը։

Տիգրան Բալայանը կարեւորել է քաղհասարակության դերակատարությունը Հայաստան-ԵՄ գործընկերության առաջմղման գործընթացում։ Դեսպանն անդրադարձել է նաեւ համատեղ ջանքերի շնորհիվ վերջին ամիսներին արձանագրված ձեռքբերումներին և ԵՄ-ի հետ փոխգործակցությունը խորացնելուն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին։

Նիստին ներկա ԵՄ պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանում բարեփոխումների ընթացքը և վստահեցրել, որ շարունակելու են հետեւողական աշխատանք տանել հարաբերությունների սերտացման եւ առաջ քաշված հարցերին լուծումներ տալու համար։

ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմը ստեղծվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 366 հոդվածի համաձայն եւ բաղկացած է Եվրամիության  ու Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներից։

Քաղհասարակության պլատֆորմի նպատակն է CEPA-ի իրականացման վերաբերյալ Հայաստանի իշխանություններին խորհրդատվություն տրամադրելը, Համաձայնագրի կիրարկման վերաբերյալ ու դրա իրականացումը մշտադիտարկելը, ՀՀ և Եվրամիության քաղաքացիական հասարակության միջև շփումների և կապերի հաստատումը։

Նմանատիպ նյութեր