211652_close_icon
views-count3748 դիտում article-date 12:21 15-10-2024

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ 40-ամյա տղամարդը վիճաբանել է տան անդամների հետ, վերցրել հրացանը և սկսել կրակոցներ արձակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում կրակոցների ձայներ են լսվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Վլադիմիր Մ․-ն ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է տան անդամների հետ և իր անվամբ ոստիկանության Կապանի բաժնում հաշվառված «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանից 2 անգամ իր բնակարանի առաստաղին և 4 անգամ նույն շենքի բակում արձակել է կրակոցներ:

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի և պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի պահպանության բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Վլադմիրի Մ․-ն հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Վլադմիրի Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր