211652_close_icon
views-count42699 դիտում article-date 09:16 12-10-2024

Մինչ հարկատուների հաշվին Պարեկային ծառայության ավտոպարկը հարստանում է, ՊԾ Կոտայքի գումարտակի որոշ պարեկներ «կարմիր կովն իր կաշին չի փոխի» դերում են․ հերթական ՊԾ ծառայողի ավտովթարը՝ Աբովյան քաղաքում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կողմից պարեկային ծառայության ղեկավար կազմին ներկայացված բազմաթիվ պահանջներից մեկը այն է եղել, որ պարեկային ծառայությունում չեն հանդուրժի այն պարեկների «օյինբազությունները», ովքեր ոչ միայն ոչ սրտացավ մոտեցում կցուցաբերեն ծառայության նկատմամբ, այլև կվնասեն պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենաները։

Ա․ Խուդինյանը հայտնել է, որ նման պարեկների նկատմամբ լինելու է խիստ և կոշտ վերաբերմունք։ 

Այն, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում որոշ պարեկների ուղեղը մթագնած է և ընկալման լուրջ խնդիրներ ունեն, կարծես թե իրականություն է դառնում։ Այս գումարտակի որոշ պարեկներ մեր՝ հարկատուների հաշվին ձեռք բերած պետական ավտոմեքենաներն են վնասում, այն դեպքում, երբ այդ գումարներով կարելի էր Արցախից տեղահանված մեր հայրենակինցների համար մոտ 50 բնակարան գնել, մինչ դեռ այդ արատավոր երևույթը Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում պահպանվում է։ 

Նրանք գուցե վստահ են, որ ՊԾ պետ Արթուր Խուդինյանը միայն խոսքով է ասում, որ կլինեն խիստ, հակառակ դեպքում հերթական ավտովթարը տեղի չէր ունենա ՊԾ Կոտայքի գումարտակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 3-ին հերթական ավտովթարն է տեղի ունեցել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկների կողմից Աբովյան քաղաքում։ 

Նշված գումարտակի 2-րդ վաշտի պարեկը, հավանաբար` սպան, Աբովյան քաղաքում բախվում է «BMW» մակնիշի ավտոմեքենային և երջանիկ պատահականությամբ զոհեր ու վիրավորներ չեն եղել, սակայն  նշված գումարտակի որոշ պարեկներ կարծես հայտնված լինեն «կարմիր կովն իր կաշին չի փոխի» իրավիճակում։ Հերթական ծառայողական ավտոմեքենան վերածվեց մետաղե ջարդոնի։

Տեսնես արդյոք գոնե այս դեպքում ՊԾ պետ Ա․ Խուդինյանը խիստ կվերաբերվի, դեռևս հայտնի չէ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ժամանակավորապես կասեցվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի ծառայությունը։

Մինչ վերջինիս վերաբերյալ Ներքին գործերի նախարարությունում տեղեկություններ էին ստացվել, որ տեղի է ունեցել հակաօրինական գործողություններ՝ այդ թվում ծեծի է ենթարկվել Պարեկային ծառայողը ու այդ մասին Մ․ Մելքոնյանն իմացել, սակայն ոչինչ չէր ձեռնարկել, իսկ ՆԳՆ-ում այլ ճանապարհով էին տեղեկությունները ստացվել, ինչից հետո էլ նախարար Վ․ Ղազարյանի հրամանով նրա ծառայողական գործողությունները ժամանակավորապես կասեցվել էին։

Հիմա ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում աշխատանքները ղեկավարում է գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանը, սակայն վերջինս ինչքան էլ փորձում է ծառայությունը պատշաճ կատարել, միևնույնն է, գումարտակի մի քանի մականունավորներ այնուամենայնիվ դարձի չեն գալիս ու իրենց փնթի աշխատանքի պատճառով վարկաբեկում են Պարեկային ծառայությունը։

Ինչպես կասեր ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, նմաններին պետք է համազգեստից հանել ու շպրտել համակարգից մի քանի 100 կմ հեռու։ 

Հոկտեմբերի 2-ին հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն էր տեղի ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների հսկողության տակ գտնվող հատուկ պահպանվող տարածքում՝ ժողովրդի լեզվով ասած՝ «պլաշչադկայում»:  

Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լևոն Գ.-ն և հայտնել, որ 3 օր առաջ Կոտայքի մարզում ավտովթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով իր «BMW» մակնիշի ավտոմեքենան նույնպես տեղափոխվել էր Աբովյան քաղաքում գտնվող հատուկ պահպանվող տարածք:  

Լևոն Գ.-ի ահազանգով ժամանել էին ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Պարզվել էր, որ գողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող ՀՀ Կոտայքի մարզի գումարտակի պարեկային ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնին հարակից ավտոկայանատեղիից:  

«BMW»-ի վրայից գողացել էին էլեկտրական մարտկոցը, սպոլերը, և «Bosch» մոդելի ձայնային ազդանշանները:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր