211652_close_icon
views-count92792 դիտում article-date 23:58 09-10-2024

Ողբերգական ավտովթար՝ Աշտարակի նախկին ՃՈ-ի հարևանությամբ. «Hyundai Solaris»-ը բախվել է ծառերին և հայտնվել դաշտում․ վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ ժամանել է ՊԾ պետ Արթուր Խուդինյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Աշտարակի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, կոտրել դրանք և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը, ՊԾ պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Իրավիճակը դեպքի վայրում բավականին լարված էր, քանի որ դեպքի վայր էին ժամանել մահացածի հարազատները։



Պարեկներին ու ոստիկաններին հաջողվեց կրքերը հանդարտեցնել, ինչից հետո նոր ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Խաչատրյանի գլխավորությամբ, սկսեցին դեպքի վայրի զննություն։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշված հատվածում ուժեղացված ծառայության են անցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացած վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր