211652_close_icon
views-count64944 դիտում article-date 12:16 04-10-2024

Կրակոցներ՝ Արարատի մարզում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ ու արնանման հետքեր. կասկածյալը նախկին գյուղապետի որդին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրենավանում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ գյուղ կժամաներ ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, «Արարատ» բժշկական կենտրոնից ժամը 20:00-ին ահազանգ է ստացվում, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Զ.-ն է:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորի վիճակը միջին ծանրության է և նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սուրենավան գյուղի Երևանյան խճուղի 14 հասցեում գտնվող, հասարակական վայր հանդիսացող գազալցակայանում Արտակ Զ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, վիճել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Արթուր Զ.-ի հետ՝ միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ այդ ընթացքում Արթուր Զ.-ն իր մոտ պահվող ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Արտակ Զ.-ն ստացել է հրազենային վնասվածք:  

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, Արթուր Զ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են կռվի մասնակիցներից Արման Պ.-ին, ով կասկածանքով ձերբակալվել, ապա տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ Արթուր Զ.-ն Սուրենավանի նախկին գյուղապետ Կարո Կարապետյանի («Դուշման Կարո») ապօրինի որդին է, իսկ դեպքի վայրում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված 3 պարկուճ և արնանման հետքեր:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր