211652_close_icon
views-count61537 դիտում article-date 21:49 15-08-2024

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում․ վիրավորների մեջ են վարչական ղեկավարը, նրա որդին ու մայրը․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում, Ազգային անվտանգության ծառայության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թլիկ գյուղում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը և ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, քարեր որոնց վրա նույնպես առկա է արյուն։ 

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ նշված վայրից «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչներ Սլավիկ Սալոյանը, Մանվել Սալոյանը և 1 հոգի մեծահասակ կին։

Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև փորձաքրեագետները։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից Սլավիկ Սալոյանը Թլիկի վարչական ղեկավարն է, ժողովրդի լեզվով ասած՝ գյուղապետը, Մանվել Սալոյանը նրա որդին է, իսկ վիրավոր մեծահասակ կինը գյուղապետի մայրն է, ով քաշքշոցի ընթացքում է վայր ընկել և ստացել վնասվածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ծեծկռտուքի մասնակիցները վարչական ղեկավարի ազգականներն են և ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզի և Թալինի բաժնի աշխատակիցները դեպքի մանրամասները ամբողջությամբ ճշտել են օպերատիվ տվյալներով և գիտեն նաև կրակոցներ արձակողի ինքնությունը և որ նրանք դեպքի վայր են ժամանել սև գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով։ Նրանք այս պահին ոստիկանության կողմից որոնվում են։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր