211652_close_icon
views-count1114 դիտում article-date 18:34 01-10-2024

Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր․ Նարեկ Բաբայան

Հայաստանի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը` ողջունելով ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակությանը խորհրդարանում` ասել է ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը:

Շնորհավորելով Արա Շահվերդյանին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Նարեկ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության նոր էջ կբացվի` հիմնված գործընկերության և մեծ հեռանկարների վրա:

«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի իշխանությունների և ժողովրդի եղբայրական վերաբերմունքը իրանահայության հանդեպ: Ուրախ եմ, որ Իրան-Հայաստան բարեկամական խումբը ղեկավարում է հայազգի պատգամավորը»,- ասել է Նարեկ Բաբայանը:

Ընդգծելով, որ հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնանում են երկու ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ և հարգանքով: Նարեկ Բաբայանը բարձր է գնահատել Իրանի ղեկավարության արտահայտած դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքների համար՝ Արա Շահվերդյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանները՝ ի դեմս բարեկամական խմբերի, կշարունակեն իրենց ջանքերը ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված գործում:

Արա Շահվերդյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ և քննարկումներ է ունեցել: Տնտեսական համագործակցության ծավալը զարգացնելու ուղղությամբ երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալների մեծացումը:

ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակության հետ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ  «Քաղաքացիական խմբակցության» պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը, Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Շիրակ Թորոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Դավիթ Դանիելյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իրինա Գասպարյանը, Քրիստինե Վարդանյանը և Գեղամ Նազարյանը:

Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, գյուղատնտեսական, հանքարդյունաբերության և բազմաթիվ այլ ոլորտներ` բարեկամական խմբի անդամներն ընդգծել են առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելուն ուղղված պատրաստակամությունն ու ջանքերը:

Քննարկվել են Իրանի և Հայաստանի միջև համատեղ ազատ տնտեսական գոտի, արդյունաբերական համատեղ քաղաք ստեղծելուն, Մեղրիի մաքսային անցակետը բարեկարգելուն, Արաքս գետի աղտոտվածությունը նվազեցնելուն, ճանապարհների բարեկարգմանը վերաբերող հարցերը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը պատասխանել են Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հարցերին, դիտարկումներին` ներկայացնելով պարզաբանումներ առևտրաշրջանառության ծավալի մեծացմանը խոչընդոտող խնդիրների, բանկային ճկուն համակարգ ստեղծելու, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի գործարկման վերաբերյալ:

Գեղամ Նազարյանը, ընդգծելով երկու երկրների դարավոր բարեկամության փաստը և կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը, նշել է, որ հայ-իրանական սահմանն աշխարհի ամենահին սահմաններից մեկն է:

Նմանատիպ նյութեր