211652_close_icon
views-count13555 դիտում article-date 12:20 01-10-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Nissan»-ում վարելու ընթացքում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդհեի բռնկմամբ:  

Ավտոմեքենան բախվել է լուսացույցին, վարորդն էլ արգելափակվել է ավտոմեքենայում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ վարորդը արգելափակված չէ, նրան «ջերմային այրվածք, երկրորդ և երրորդ աստիճան, մոտ 20 տոկոս ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ  օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը տեղափոխել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:
77
Հրշեջ-փրկարարները կանխել են «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, հոսանքազրկել են այն, փակել գազաբալոնը, ապա կատարել հովացման աշխատանքներ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերոբ Չրաղյանն ու Գոռ Հախնազարյանը:  

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը:   

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռմվել է քրեական վարույթ:  

Ըստ նախնական տեղեկություննների՝ ժամը 05:45-ի սահմաններում նշված փողոցում Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Կարեն Պ.-ն ավտոմեքենան վարելիս է եղել, երբ պայթյուն է առաջացել ավտոմեքենայում՝ հրդեհի բռնկմամբ և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է լուսացույցին:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր