211652_close_icon
views-count22361 դիտում article-date 22:16 23-09-2024

Կրակոցներ՝ Երևանում․ «Toyota»-ով, «Range Rover»-ով և «Honda»-ով պարզաբանումների եկած երիտասարդների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի և հնչել են կրակոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մոտ 10 րոպե առաջ Սոսեի փողոցի 28 հասցեում երիտասարդ տղաների մասնակցությամբ կռիվ է եղել և լսվել է 4 կրակոցի ձայն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ անհայտ քաղաքացիների միջև տեղի է ունեցել կռիվ, ծեծկռտուք, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչներ 20-ամյա Մանվել Մ․-ն՝ իր կողմից վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով, 22-ամյա Սամվել Գ․-ն՝ իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 37-ամյա Արա Հ․-ն, 20-ամյա Արմեն Ու․-ն՝ իր կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով, 21-ամյա Վահե Ա․-ն ժամանել են Սոսեի փողոցի 28 հասցե՝ ՌԴ քաղաքացի 19-ամյա Լեռնիկ Բ․-ի հետ պարզաբանումներ կատարելու համար, որի ընթացքում Լեռնիկ Բ․-ն և իր ընկեր, Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Մ․-ն վիճաբանել են միմյանց հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել միմյանց, որի ժամանակ Լեռնիկ Բ․-ն իր մոտ եղած գազային ատրճանակից հնչեցրել է կրակոցներ դեպի օդ:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Լեռնիկ Բ․-ին և դեպքի մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր