211652_close_icon
views-count40924 դիտում article-date 18:47 21-09-2024

Երևանում 22-ամյա տղամարդը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր վրա ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. եթե ծնողներն ու հարևանները հավատացել էին, Էրեբունու ոստիկանները տաք հետքերով բացահայտեցին իրականությունը

Սեպտեմբերի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 22-ամյա Գեորգի Բ․-ն և հայտնել, որ քիչ առաջ տուն գնալիս 3 անծանոթ անձինք մոտեցել են իրեն և պահանջել գումար, ինքը նրանց տվել է իր մոտ եղած գումարը, այդ պահին ինքը հարվածել է նրանցից մեկին, իսկ մյուս երկուսը հարվածել են իրեն: Ավելացրել է նաև, որ նրանցից մեկի ձեռքին նկատել է ատրճանակին նմանվող առարկա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ։

Տեղում Գեորգի Բ․-ն հրավիրել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հայտնել է, որ մոտ 6 ամիս առաջ իր անունով «Հայէկոնոմբանկ»-ից վարկ է վերցրել 500 հազար ՀՀ դրամի չափով, որի առաջին և երկրորդ վճարումը կատարել է իր աշխատավարձից, իսկ երրորդ ամսվա գումարը, որը կազմում է մոտ 24 հազար դրամ, չկարողանալով վճարել, փորձել է գումար աշխատել Երևանում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկում խաղադրույքներ կատարելով, որտեղ գրանցել է հաջողություններ և ոգևորվելով կատարել է հերթական խաղադրույքը։

Հայտնել է, որ սեպտեմբերի 16-ին ստացել է աշխատավարձ 140 հազար դրամ, որից 100 հազարը պետք է տար իր ծնողին, սակայն քանի որ գումարը տալուց և վարկի վճարումը կատարելուց հետո իր մոտ այլևս գումար չէր մնա, ցանկացել է կրկին անգամ խաղադրույք կատարելու միջոցով գումար աշխատել, սակայն մաս-մաս վերոնշյալ գումարը պարտվել է:

Հաջորդ օրը, չկարողանալով այդ գումարը հայթայթել որևէ այլ կերպ, և ցանկանալով, որ տան անդամները չիմանան կատարվածի մասին, որոշել է հորինել և տան անդամներին հայտնել, որ իր նկատմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Այդ ժամանակ իր մոտ եղած բանալիով քերծել է իր աջ ձեռքի ուսի հատվածը, որպեսզի պատմությունը հավատ ներշնչի, ինչից հետո գնալով տուն պատմել է իր հորինած եղելությունը։ Այնուհետև ինքը չի ցանկացել զանգահարել ոստիկանություն, սակայն հարևանությամբ բնակվող բնակիչները հայտնել են, որ իրենք կզանգեն, ինչից հետո զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր նկատմաբ ավազակային հարձակում է եղել։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր